Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև

Դեկտեմբերի 21-ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունում կայացան ռուս-հայկական երկկողմ խորհրդատվություններ` անվտանգության օրակարգի լայն շրջանակի խնդիրների շուրջ:
Ռուսական կողմից խորհրդատվություններն անցկացնում էին Չտարածման և սպառազինությունների վերահսկման հարցերի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը, իսկ հայկական կողմից` ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը:
Կողմերը քննարկեցին միջուկային զենքից ազատ գոտիներին, Միջուկային զենքի չտարածման պայմանագրի վերանայման խորհրդաժողովին, Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմին, արտահանման վերահսկման ոլորտին առնչվող հարցեր: Երկուստեք գոհունակություն հայտնվեց միջազգային կառույցների շրջանակներում արդյունավետ համագործակցության, փաստաթղթերի համահեղինակման առնչությամբ։
Պարբերաբար անցկացվող ամենամյա երկկողմ խորհրդատվությունները կողմերը գնահատեցին որպես կարևոր միջոցառում՝ դիրքորոշումների հստակեցման և համաձայնեցման առումով և ընդգծեցին շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։