Հանրապետության հրապարակը երեկոյան կլուսավորվի գլխավոր տոնածառի լույսերով

Հանրապետության գլխավոր տոնածառն իր լույսերը կվառի դեկտեմբերի 21-ի երեկոյան: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանից:
«Տոնական միջոցառումը կմեկնարկի 19:30՝ համերգով: Այնուհետ 20:00-ին հրավառությամբ կազդարարվի հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը, որին կհաջորդի տոնական համերգը», նշեց Արթուր Սարուխանյանը: Տոնական միջոցառումների մեկնարկին Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը զուգահեռ կմիանա նաև մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորությանը:
Տոնական բոլոր օրերին առավոտյան ժամը 12-ից մինչ 20:00-ը Երևան ժամանած Ձմեռ պապը Հանրապետության հրապարակի շատրվանների հատվածում պատրաստված դղյակում կընդունի բոլոր փոքրիկներին, ովքեր կարող են հանդիպել Ձմեռ պապին, զրուցել, լուսանկարվել նրա հետ: