Հայազգի գիտնականի ջանքերով հիմնվել է Սթիվեն Հոքինգի անվան մեդալը

Երեւան: Մեդիամաքս: Հայազգի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է լեգենդար պրոֆեսոր Սթիվեն Հոքինգի անվան մեդալը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Լոնդոնում:

Սթիվեն Հոքինգի անվան մեդալը կշնորհվի նրանց, ովքեր ներդրում են ունեցել երաժշտության, արվեստի, կինոյի եւ այլ ոլորտներում գիտությունը եւ գիտական բացահայտումները ներկայացնելու եւ տարածելու գործում:

Մեդալի շնորհման արարողությունը տեղի կունենա Տեներիֆեում անցկացվող STARMUS միջազգային փառատոնի ընթացքում, որը միավորում է լավագույն գիտնականներին եւ երաժիշտներին եւ «բացառիկ հարթակ է հանդիսանում մարդկության ապագայի հարցերը քննարկելու համար»:

Starmus փառատոնի հիմնադիրը եւ տնօրենը հայազգի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն է:

«Ներգրավելով բոլորին՝ դպրոցականներին, քաղաքական գործիչներին եւ անգամ բանտարկյալներին՝ գիտությունը հանրայնացնողները գիտությունը բերում են ամենօրյա կյանքի կենտրոն:  Գիտությունը բերելով դեպի մարդը՝ մենք ավելի շատ մարդկանց ենք ներգրավվում գիտության մեջ: Սա կարեւոր է ինձ համար, ձեզ համար եւ աշխարհի համար: Ես շատ ուրախ եմ աջակցելու եւ պարգեւատրելու գիտությունը տարածողներին եւ անհամբերությամբ սպասում եմ գալիք ամռանը Starmus փառատոնի ժամանակ կայանալիք մեդալի շնորհման արարողությանը»,- ասել է Սթիվեն Հոքինգը:

Գարիկ Իսրայելյանի խոսքով, այս մեդալի շնորհումը անկյունաքարային նշանակություն ունի գիտության պատմության մեջ:

«Գիտության պատմության մեջ ամենահանճարեղ գիտնականներից մեկին հարգանքի տուրք մատուցելու եւ գիտությունն ավելի լայն զանգվածներին հասցնելու ցանկությամբ Starmus փառատոնը հանդես եկավ այս նորարարական նախաձեռնությամբ»,- ասել է Գարիկ Իսրայելյանը:

Մեդալի վրա պատկերված է Սթիվեն Հոքինգի նկարը, որը նկարել է խորհրդային տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը:

Լոնդոնում մեդալի շնորհանդեսի արարողությանը ներկա էին վերջերս Starmus փառատոնին միացած հայտնի օպերային երգչուհի Սարա Բրայթմանը եւ աշխարհահռչակ կոմպոզիտոր Հանս Ցիմերը:

Scroll Up