Իրաքից և Սիրիայից Թուրքիա գաղթած հայ փախստականները թաքցնում են իրենց ինքնությունը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/12/gizli.jpg)
Իրաքում և Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով իրենց բնակավայրերը լքած և Թուրքիայում (արևելյան շրջաններում՝ Յոզգաթ, Ամասյա, Էրզրում, Աֆյոն) ապաստանած փախստականների մեջ կան հազարավոր քրիստոնյաներ, որոնք թաքցնում են իրենց ինքնությունը:
Վերջիններս ԱՄՆ, Կանադա և Ավստրիա գնալու համար դիմել են ՄԱԿ-ի գրասենյակ, սակայն նրանց մուտքի արտոնագրի հարցը առկախվել է մինչև 2023 թվականը:
ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնող թուրքական «hürriyet» թերթը գրում է, որ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Սելինա Դողանը և Պոլսո հայոց պատրիարքության հոգևոր խորհրդի անդամ Տրդատ Ուզունյանն այցելել են Յոզգաթում հաստատված 19 ընտանիքի:
Պատրիարքության հոգևոր խորհրդի ներկայացուցիչը նշել է, որ Թուրքիայում հայ փախստական ընտանիքների հաստատվելու մասին նոր են իմացել, և այժմ տեղեկություն ունեն միայն Յոզղաթում գտնվող ընտանինքերի մասին: Ուզունյանը մյուս վայրերում հաստատված հայ ընտանիքներին, եթե այդպիսիք կան, կոչ է արել կապ հաստատել իրենց հետ:
Սելինա Դողանը հայտնել է, որ նման ընտանիքների գոյության մասին նոր են իմացել և հնարավոր ամեն ինչ կանեն` լուծելու նրանց խնդիրները: Փախստականները նշում են, որ իրենց հիմնական խնդիրն աշխատանք գտնելու դժվարությունն է և երեխաների կրթության հարցը: Նրանք դպրոց չեն հաճախում թուրքերեն չիմանալու պատճառով:
Ալիս Սալջյանը, ով 1 տարի առաջ Իրաքից հեռանալով ընտանիքի հետ Թուրքիա էր եկել, պատմում է, որ ոսկերիչ ամուսինը չի կարողանում աշխատանք գտնել, երեխաները դպրոց չեն հաճախում: «Երեխաները կարողանում են շփվել միայն հայ փախստական երեխաների հետ: Հարևաններ էլ ունենք, բայց նրանք գիտեն, թե մենք մահմեդական ենք»,- ասում է Անոնիսը:
Լինդա Մարգարյանը ամուսնու և երկու երեխաների հետ նույնպես Իրաքից է: 7 ամիս առաջ Յոզգաթում հաստատված ընտանիքի մայրը նշում է, որ իրենց միակ ցանկությունը երեխաների համար արժանապատիվ և անվտանգ կյանք ապահովելն է: Ըստ Լինդայի՝ իր համար հատկապես շատ դժվար է կրոնական ծիսակատարությունները գաղտնի անելը:
Մեկ այլ փախստական Ավանես Մելիքյանը պատմել է, որ Յոզղաթում հիմնականում ժամանակ են անցկացնում հայերի հետ, որոնց հետ միասին են եկել, իսկ Յոզգաթցի ընկերներն իրենց այլ անուններով են ճանաչում, օրինակ՝ շրջապատում գիտեն, թե ինքն արաբ է: