Արգենտինայում կարեւորել են հայ համայնքի դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության հարցում

Բուենոս Այրեսի ‹‹Սիրանույշ›› սրահում կայացել է հանդիպում արգենտինահայ համայնքի եւ Բուենոս Այրեսի քաղաքային խորհրդի մարդու իրավունքների եւ մշակութային հարցերով փոխնախագահ Կլաուդիո Ավրույի միջեւ: «Արմենպրես»­-ի հետ զրույցում արգենտինահայ համայնքից տեղեկացրին, որ հանդիպմանը հաջորդած պաշտոնական ճաշի ընթացքում քննարկվել է մարդու իրավունքների հարցն ու ներկայացվել են լուծումներ աշխարհում անվտանգության եւ մարդու իրավունքների պաշտպանության համար:

Ավրույը խոսել է նաեւ մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին եւ այն անվանել մարդկության դեմ հանցագործություն: Նա շեշտել է, որ կասկած չկա՝ մարդկության դեմ հանցագործության դատարապարտման ամենակատարյալ տարբերակը դատարան է:

Այս առնչությամբ տեղի հայ համայնքը կարեւորել է Հայաստանի նախաձեռնությունն առ այն, որ պետական մակարդակով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման զուգահեռ պետք է նաեւ հատուցման հարցի բարձրացումը: Ավրույը կարեւորել է հայ համայնքի դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության հարցում եւ շեշտել, որ Արգենտինայում կարեւորում են այդ դերակատարությունը:

Scroll Up