Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Դեկտեմբերի 3-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ է այցել Չեխիայի հանրապետության Պատգամավորների պալատի պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՑԹԻ պաշտոնական՝ genocide-museum.am կայքը:
Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորությամբ չեխ խորհրդարանականները եղան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Չեխիայի խորհրդարանի անունից ծաղկեպսակ դրեցին հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:
Այնուհետև չեխ գործիչները շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան թանգարանի ցուցադրությանը, Հայոց ցեղասպանության մասին պատմող փաստերին ու նյութերին:
Պարոն Յան Համաչեկը գրառում կատարեց պատվավոր հյուրերի հուշամատյանում: ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը նրան նվիրեց ՀՑԹԻ հրատարակած գրքերից:Իսկ Յան Համաչեկը Հայոց ցեղասպանության թանգարանին նվիրեց Չեխիայի զինանշանը: