Հայաստանի ԱԳ նախարարի նախագահությամբ Բելգրադում կայացավ ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպումը

Դեկտեմբերի 3-ին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ Բելգրադում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Նախարարները քննարկեցին Հավաքական անվտանգության խորհրդի՝ 2015թ. սեպտեմբերին կայացած նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցեր։

ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի անդամներն անդրադարձան ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների 22-րդ խորհրդի օրակարգային հարցերին։

Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ։

Անդրադարձ արվեց թուրքական զինված ուժերի կողմից Սիրիայում հակաահաբեկչական գործողությանը մասնակցող ռուսաստանյան ՍՈՒ-24 ինքնաթիռի խոցման հետևանքով ստեղծված իրավիճակին։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ ինքնաթիռի խոցումը լուրջ հարված է ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի համախմբմանը և Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացին։

ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հավանություն տվեցին դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի օրակարգի հարցերին, մտքեր փոխանակեցին ՀԱՊԿ կանոնադրական մարմինների աշխատանքների վերաբերյալ։

Scroll Up