Ավելացրեք գյուղմթերքի արտահանումը Ռուսաստան. գյուղնախարարի հորդորը

Այժմ Հայաստանում կա բավարար քանակությամբ թարմ պտուղ-բանջարեղեն, այդ թվում` խաղող, խնձոր, կաղամբ, ծաղկակաղամբ, բազուկ, կարտոֆիլ, գազար, ինչպես նաեւ ջերմոցային արտադրանք, որը կարելի է արտահանել ռուսական շուկա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, հանրապետությունից թարմ պտուղ-բանջարեղեն արտահանող շուրջ 20 ընկերությունների ներկայացուցիչների եւ անհատ ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Գյուղնախից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել ՌԴ-ի կողմից թուրքական ապրանքների նկատմամբ կիրառվող արգելանքի պարագայում հայկական արտադրանքի արտահանումն ավելացնելու հնարավորությունները:
«Այսօր պաշտոնապես հրապարակվել է այն գյուղատնտեսական մթերքների ցանկը, որը Ռուսաստանի Դաշնությունը արգելել է ներկրել Թուրքիայից: Սրանով նոր հնարավորություններ են ստեղծվում տեղական արտադրողների համար ավելացնելու դեպի ռուսաստանյան շուկա իրենց գյուղատնտեսական արտադրանքի, այդ թվում` պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարար Կարապետյանի խոսքով` այժմ մենք հանրապետությունում ունենք բավարար քանակությամբ թարմ պտուղ-բանջարեղեն, այդ թվում` խաղող, խնձոր, կաղամբ, ծաղկակաղամբ, բազուկ, կարտոֆիլ, գազար, ինչպես նաեւ ջերմոցային արտադրանք, որը կարող ենք արտահանել ռուսական շուկա: Նախարարն ընդգծել է, որ հայ արտադրողներն ունեն հնարավորություն ավելացնելու արտահանվող գյուղմթերքի ծավալները եւ հորդորել է այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնել:
Գյուղնախարարը հայտնել է, որ այժմ խոշոր արտահանողները տրանսպորտային միջոցներն ավելացնելու քայլեր են ձեռնարկում:
Հանդիպման ընթացքում նախարարը ծանոթացել է արտահանող ընկերությունների ներկայացուցիչներին հուզող խնդիրներին եւ խոստացել, որ պետությունն իր կողմից պատրաստ է աջակցել արտահանումներն առավել արդյունավետ կազմակերպելու հարցում: