«Ապագա» համաժողովի մասնակից. «Մեր դասընթացները խթանում են հայրենադարձությանը»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/11/Վարուժան.jpg)
«Հայերն այսօրի» զրուցակիցը ՀՀ սփյուռքի նախարարության, Ռուսաստանի հայերի միության, Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության և Նիժնի Նովգորոդի «Իմաստ» երիտասարդական ընկերակցության կողմից համատեղ կազմակերպված Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների երկրորդ՝ «Ապագա» խորագրով համաժողովի մասնակից, ռուսաստանաբնակ Վարուժան Գեղամյանն է: Վերջինս Սանկտ Պետերբուրգի «Նոր սերունդ» հայկական երիտասարդական կազմակերպության անդամ է.
– Մեր կազմակերպությունը Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական Եկեղեցուն և Հայկական ազգային մշակութային միությանը կից է գործում: Այնտեղ ես հայագիտական ծրագրեր եմ մշակում:
Երկար տարիներ գործունեություն ծավալելուց հետո այն եզրահանգմանը եկանք, որ պետք է լեզվի պահպանման համար ռազմավարություն մշակել: Այդ նպատակով հատուկ մեթոդով ենք դասընթացները կազմակերպում. հայերենը որպես օտար լեզու ենք դասավանդում:
Այս մեթոդի կիրառումն իր ցանկալի արդյունքը տվեց. դասընթացի մասնակիցների թիվը գնալով աճեց, որոնց մեջ զգալի թիվ են կազմում այլազգիները: Դասընթացի մասնակիցներին Հայաստանի մասին պատմական ակնարկներ ենք ներկայացնում՝ ազգագրություն, մշակութային արժեքներ, ազգային ավանդույթներ բաժիններով:
Միայն այս տարի 180 հայտադիմում ունեինք, որոնցից 50-ը՝ ոչ հայեր էին ներկայացրել:
Դասընթացի մասնակիցներից այլազգի մի աղջիկ, Հայաստանի մասին տեղեկություններ ստանալով, պարզապես սիրահարվել է մեր երկրին և որոշել է ընտանիքով տեղափոխվել Հայաստան: Ունենք նաև հայազագի 6 սաներ, ովքեր մեզ հետ աշխատելուց հետո, հայրենադարձվել են: Այլ կերպ ասած՝ մեր դասընթացները խթանում են հայրենադարձությանը:
Մեծ հույսով եմ մասնակցել «Ապագա» խորագիրը կրող երիտասարդական համաժողովին: Կարծում եմ՝ միասնական ուժերով կկարողանանք զգալի արդյունքի հասնել:
Ես այն համոզմունքն ունեմ, որ ցանկացած գաղափար իրականացնելիս անհրաժշտ է այնպես անել, որ այն հայաստանակենտրոն լինի: Առանց Հայաստանի և Հայոց պետականության զորակցության՝ Սփյուռքը կյանք չունի: Եթե երիտասարդներս որևէ բան անելու ուժ ու եռանդ ունենք, ապա այն միայն ի շահ Հայրենիքի պետք է կյանքի կոչենք: