Կյանքից հեռացել է պոլսահայ ականավոր բանաստեղծ Զարեհ Խրախունին

Նոյեմբերի 27-ին, Ստամբուլում վախճանվել է պոլսահայ ականավոր բանաստեղծ, ՀՀ բարձրագույն Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր Զարեհ Խրախունին (Արթո Ճյումպյուշյանը):
Զարեհ Խրախունին սովորել է Գաբամաճյան վարժարանում, 1945 թվականին ավարտել է Վիեննայի Մխիթարյանների վարժարանը,1951 թվականին՝ Կ. Պոլսի համալսարանը։ Գրական առաջին փորձերը կատարել է 1943 թվականից։ Առաջին հրատարակված գործը՝ «Յաղթականը», լույս է տեսել 1948 թվականին, Մխիթարյան Սանուց միության «Սան» գրական ամսաթերթի մեջ։ 1952-1958 թթ. պաշտոնավարել է Էսայան վարժարանում՝ դասավանդելով փիլիսոփայություն, տրամաբանություն, հոգեբանություն և հայերեն։ Դասավանդել է նաև Կեդրոնական վարժարանում, որտեղ եղել է տնօրենի օգնական։ Այս շրջանում էլ ծավալել իր գրական գործունեությունը։ Գրել է բազմաթիվ բանաստեղծական ժողովածուներ, հոդվածներ, ուսումնասիրություններ, գրախոսականներ, խմբագրականներ, կատարել թարգմանություններ՝ հատկապես ֆրանսիական արդի գրականությունից։ Եղել է 1959 թվականից Ստամբուլում հրատարակված «Թօ» գրական հանդեսի խմբագիրներից:
Խրախունու պոեզիան հատկանշվում է փիլիսոփայական ենթատեքստով, բանաստեղծական ավանդույթների յուրովի օգտագործումով։ Հեղինակ է բանաստեղծությունների ժողովածուների, արվեստաբանական ու գրականագիտական ուսումնասիրությունների։