«Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան պատվիրակությունը հանդիպել է Բուլղարիայի հայ համայնքի հետ

«Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան պատվիրակությունը Բուլղարիայում է, որտեղ Միկան հագեցած գրաֆիկ ունի՝ լեցուն տարբեր փորձերով, ձայնագրություններով ու բազմապիսի հանդիպումներով, տեղեկացնում է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) ու պատվիրակության մյուս անդամները հանդիպում են ունեցել Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արսեն Սհոյանի հետ: Դեսպանը հաջողություններ է մաղթել Հայաստանի պատվիրակությանը եւ վստահություն հայտնել, որ Միկան լավագույնս կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ին եւ կզբաղեցնի պատվավոր տեղ:
Դեսպանի հետ հանդիպմանը հաջորդել է նաեւ հանդիպում Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որը եւս շատ ջերմ մթնոլորտում է անցել:
Հայ համայնքի ներկայացուցիչները հաջողություն են մաղթել մեր պատվիրակին պատասխանատու ելույթի ընթացքում եւ վստահություն հայտնել, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Հայաստանը կառանձնանա իր հիշարժան ելույթով: Նրանք կոչ են արել բոլոր սփյուռքահայերին լինել Միկայի կողքին, սատարել նրան եւ քվեարկել Հայաստանի օգտին:
Միկան եւ իր երեք մուսաները հայ համայնքի ներկայացուցիչների համար կատարել են մրցութային LOVE երգը:
Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Հայաստանյան ներկայացուցիչ Միկան ելույթ կունենա համերգային երկրորդ հատվածում՝ 11-րդ համարի ներքո: