ԱՄՆ-ի դեսպան. Հայաստանը հարուստ մշակույթով եւ ողբերգական պատմությամբ երկիր է
Հայաստանում նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել ԱՄՆ-ի Խաղաղության կորպուսի 39 կամավորի երդման պաշտոնական արարողությունը։
Ուսումնական դասընթացի ավարտից հետո Խաղաղության կորպուսի կամավորները կմեկնեն Հայաստանի տարբեր շրջաններ, որտեղ երկու տարի կապրեն եւ կաշխատեն Խաղաղության կորպուսի երկու ծրագրի շրջանակում, դրանք են՝ անգլերենի ուսուցում եւ համայնքների եւ երիտասարդության զարգացում։
Տոնական արարողության ընթացքում կամավորներին դիմելով՝ Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը նշել է. «Այստեղ դուք գերտերության ներկայացուցիչներ եք, բայց նաեւ պատիվ ունեք ժամանակավորապես ապրել այս ուժեղ երկրում։ Այս երկիրը հարուստ է մշակույթով, ողբերգական պատմությամբ, երկիր, որը կարողացել է գոյատեւել Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ չընդհատվող բախումների պայմաններում»։
12 շաբաթ տեւած հաջող ուսումնական դասընթացի շրջանակում Խաղաղության կորպուսի կամավորները հայերեն են ուսումնասիրել եւ ծանոթացել են հայկական մշակույթին։ Կամավորների խումբը ներկայացնում է Միացյալ Նահանգների ժողովրդին. նրանք տարբեր էթնիկ եւ ռասայական խմբերի են պատկանում, տարբեր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեն։ Կամավորների տարիքը տատանվում է 21-ից 76 տարեկանի արանքում։
Պաշտոնական միջոցառմանը կամավորները հայերեն երգել են «Էրեբունի-Երեւան» երգը եւ Հայաստանի մասին իրենց տպավորություններն են ներկայացրել։ Խաղաղության կորպուսի կամավորների նոր խումբը կլրացնի արդեն իսկ Հայաստանի դպրոցներում, համալսարաններում եւ հասարակական կազմակերպություններում աշխատող կամավորների շարքերը եւ այդպիսիով՝ նրանց քանակը կհասնի մոտ 80-ի։
ԱՄՆ-ի խաղաղության կորպուսը հիմնվել է 1961-ին ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի կողմից։ Այդ ժամանակվանից ի վեր ավելի քան 200 հազար կամավոր աշխատել է աշխարհի 139 երկրում։ 1992-ից սկսած, Խաղաղության կորպուսի ավելի քան 950 կամավոր ծառայել է Հայաստանում։