«Պարիր, թե կարող ես 3» նախագծի հաղթողը ընդմիշտ հայրենադարձվել է Իսրայելից

Շատերը կհիշեն «Շանթ» հեռուստաընկերության «Պարիր, թե կարող ես 3» նախագծի հաղթող Արմինա Խաչատրյանին` իր վառ, յուրօրինակ կերպարով: Սակայն պարզվում է` Արմինան ոչ միայն լավ պարող է, այլև լավ մարդ և լավ հայ, որը նախագծի շնորհիվ Իսրայելից Հայաստան գալով` որոշել է մեկընդմիշտ մնալ հայրենիքում ու իր լուման ներդնել երկրի զարգացման գործում, գրում է ankakh.com-ը:

Արմինան ընդամենը 2 տարեկան էր, երբ ընտանիքը մութ ու ցուրտ տարիներին տեղափոխվեց Իսրայել: Անհանգիստ բնավորությամբ, գերակտիվ աղջիկը դեռ փոքրուց հետաքրքրված էր արվեստով. 6 տարեկանից հաճախում էր բալետի անսամբլ, 16 տարեկանում ընդունվեց արվեստի գիմնազիայի նկարչության բաժին, դրան զուգահեռ` երաժշտական դպրոցի վոկալ բաժին: Պար, գեղանկարչություն, երգ. այս բոլորը հավասարապես գրավում էր Արմինային, սակայն գալիս է մի պահ, երբ կտրուկ փոխում է նախասիրությունները` որոշելով դառնալ… զինվորական:

Առաջին հայացքից տարօրինակ թվացող այդ ցանկությունը պատահական չէր առաջացել: Երբ Արմինայի 18 տարին լրացել էր, նա էլ բոլոր իսրայելցի աղջիկների պես պարտավոր էր ծառայել բանակում: Իսկ մինչ 18 տարին լրանալը՝ պատանիներն ու աղջիկները պետք է քննություններ հանձնեին, որպեսզի պարզ լիներ, թե ինչ ֆիզիկական, մտավոր տվյալներ ունեն և ծառայությունը որտեղ ավելի արդյունավետ կանցկացնեն:

Արմինան ֆիզիկապես շատ ուժեղ էր, և երբ համապատասխան քննությունները գերազանց հանձնում է, նրան առաջարկում են դառնալ նորակոչիկ տղաների մարզիչ-հրամանատար: Ծնողները դեմ էին, և Արմինան ծառայությունն անց է կացնում բանակի խորհրդատվական ծառայության համակարգում, որտեղ աշխատանքեր են տանում դեռևս ծառայության չանցած երիտասարդների ու նրանց ծնողների հետ: «Դա, իհարկե, համեմատաբար թեթև աշխատանք էր, բայց ամեն ամիս պետք է պահակության գնայինք զենքով, և այլն, և այլն: Իսկ ամենակարևորն այդ գործի պատասխանատվությունն էր, որովհետև, փաստորեն, դեռևս բանակում չծառայած երեխաների համար առաջին դեմքն էիր, առաջին տպավորություն ստեղծողը, ու քեզնից շատ բան էր կախված, թե նա ինչպես կտրամադրվի ծառայության նկատմամբ»:

Արմինային իսրայելական բանակն այնքան է դուր գալիս, որ որոշում է խորանալ այդ գործում և դառնալ զինվորական: Ծնողները կտրականապես դեմ էին: Այսօր նա շնորհակալություն է հայտնում ծնողներին այդ որոշման համար, քանի որ հասկանում է` եթե այդ ուղղությամբ գնար, արվեստն այլևս իր կյանքում տեղ չէր ունենա և ինքն էլ գուցե երբևէ Հայաստան չգար:

Հայաստան գալու պատճառը դառնում է «Շանթ» հեռուստաընկերության «Պարիր, թե կարող ես» նախագիծը: 2011 թ. Արմինան Հայաստանում էր, սակայն պարզվում է, որ մրցույթի մասնակիցների ընդունելությունն ավարտվել է: Նրան առաջարկում են մասնակցել «Հայ սուպերսթար» նախագծին որպես երգչուհի: Մասնակցում է, ընդգրկվում 26 հոգու մեջ, որից հետո դուրս է մնում նախագծից: Սակայն նրա համար դա ողբերգություն չէր, քանի որ գլխավոր նպատակը «Պարիր, թե կարող ես»-ին մասնակցելն էր: Տեղեկանալով, որ նախագծի հաջորդ եթերաշրջանը մի քանի ամսից սկսվելու է, Արմինան որոշում է մնալ: «Շատ ուրախ էի, որ Հայաստանում էի, մտածում էի` ինչ լավ է, շուտով ձմեռ է, ձյուն էլ կտեսնեմ, կյանքում ձյուն չեմ տեսել: Եվ իսկապես, երկու շաբաթից ձյուն եկավ: Ես աշխարհի չափ ուրախ էի»:

Արմինան պարապում էր, պարապում, սակայն նախագծի մեկնարկը հետաձգվում էր: Ինչո՞ւ էր նա այդքան շատ ուզում մասնակցել նախագծին: «Երբ 16 տարեկան էի, Իսրայելում մասնակցեցի նույն նախագծին, բայց այդ ժամանակ անպատրաստ էի թե՛ տարիքով, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Ուղղակի որոշել էի մասնակցել: Ու երբ առաջին քաստինգն անգամ չանցա, այնպես էի կոտրվել, որ ինքս ինձ խոստացել էի պարապել և հաջորդ նախագծերին մասնակցել ու անպայման հաղթել»:

Սակայն Իսրայելում սկսված պատերազմի պատճառով նախագիծը դադարեցվում է, և Արմինայի երազանքը մնում է անկատար: Հայաստանյան նախագիծը երազանքն իրագործելու նոր հնարավորություն էր:

Եվ այդպես, նա օրուգիշեր պարապում էր, անգամ գնում էր պարարվեստի ուսումնարանի բալետի բաժին և այնտեղ պարապում: «Առավոտյան ժամը 7-ին գնում էի ուսումնարան, դասերից հետո պարային ուրիշ խմբակներ էի գնում, ջազ էի ուսումնասիրում, հիփ-հոփ: Երեկոյան հոգնած գնում էի տուն ու էլի պարապում, դրան զուգահեռ նաև հայերեն էի սովորում, որովհետև շատ վատ էի խոսում: Մի խոսքով, ուժասպառ էի լինում, մյուս կողմից էլ` մենակ էի, հոգեպես էլ էր դժվար, ամեն օր լաց էի լինում, բայց կարողացա հաղթահարել այդ բոլորը»:

Այդ ժամանակ Իսրայելից Արմինային է միանում նաև եղբայրը` Դավիթը: Դա էլ ավելի է ոգևորում նրան: Նա ընդունվում է պարարվեստի ուսումնարանի բալետի բաժին: Պարը նրա համար այլևս հոբբի չէր, այլ մասնագիտական լուրջ ընտրություն:

Վերջապես նախագիծը մեկնարկում է: Արմինան վստահ ու համարձակ պատրաստվում էր առաջին քաստինգին, սակայն երկու շաբաթ առաջ ոտքը թռիչքի ժամանակ վնասում է: Մեկ շաբաթ անկողնում պառկելուց հետո նա, դեռևս լիովին չապաքինված, մասնակցում է այդքան երկար սպասված քաստինգին և հաջողությամբ հաղթահարում առաջին փորձությունը:

Նա ընդգրկվում է նախագծում, և սկսվում է նոր ու խելահեղ մի շրջան` փորձեր մինչև ուշ գիշեր, նկարահանումներ, այդ ամենին զուհագեռ` դասեր ուսումնարանում: Շուրջ մեկ տարի մնալով Հայաստանում` նա հաղթահարում է լեզվական, մտածելակերպի, մասնագիտական բազում դժվարութուններ և փոխարենը ստանում շատ ավելին, քան ուզում էր` հաղթանակ «Պարիր, թե կարող ես» նախագծում և հայրենիք, որին կապվում է ամբողջ հոգով:

Արմինան հասկանում է, որ միակ երկիրը, որտեղ ուզում է ապրել, Հայաստանն է: Սակայն մասնագիտության մեջ խորանալու նպատակով որոշ ժամանակով որոշում է մեկնել արտերկիր: Պարարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո դիմում է աշխարհի բազմաթիվ երկրների պարային ստուդիաներ և հրավերներ ստանում մի քանի տեղերից: Բայց ամեն անգամ, երբ թվում էր, թե ուր որ է պետք է մեկնի, ինչ-որ բան խանգարում էր: Ի վերջո, հասկանում է, որ ի վերուստ է որոշված իր այստեղ մնալը:

Մնում է և որոշում բարեգործական եղանակով երեխաներին պար սովորեցնել: Միանալով «Դեպի Հայք» կազմակերպության կամավորական ծրագրին` Արմինան մանկատներում պար է դասավանդում, որից այնքան մեծ բավականություն ու դրական էներգիա է ստանում, որ որոշում է իրականացնել իր երազանքներից մեկը` բարեգործական համերգներ կազմակերպել Երևանում: Առաջին համերգն արդեն կայացել է, իսկ հավաքված գումարը` փոխանցվել մարզային երաժշտական դպրոցներից մեկին:

Արմինայի երազանքներից մեկն էլ Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետում պարելն է: «Ճիշտ է` մեծ բեմեր կան դրսում, բայց իմ երազանքն այստեղ պարելն է: Թող տարվա մեջ 2-3 ներկայացում լինի, թող աշխատավարձը բարձր չլինի, թող ամեն ինչ քիչ լինի: Բայց ես շատ ավելի մեծ բավականություն կստանամ այստեղի բեմում պարելուց»:

Արմինայի ու Դավիթի ծնողները, ոգևորված հայրենիքում երեխաների հաջողություններից (Դավիթը հոկտեմբերի 12-ին կայացած «Գաղափարից դեպի շուկա» մրցույթի հաղթողներից մեկն է` որպես տեղեկատվական բարձր և մաքուր տեխնոլոգիաների, ինչպես նաև ճարտարագիտության ոլորտներում մշակած լավագույն նախագծի հեղինակ), որոշել են միանալ նրանց` հաղթահարելով այն վախը, որ երեխաները գուցե հիասթափվեն Հայաստանից ու որոշեն վերադառնալ Իսրայել:

Միակ բանը, որ Հայաստանում Արմինային շատ է զարմացնում ու զայրացնում, մարդկանց անդադար բողոքն է ու փոխարենը ոչինչ չանելը. «Ինձ էլ ասում են` ի՞նչ ես կորցրել այստեղ, գնա Եվրոպա կամ Իսրայելը թողած` եկել ես Հայաստան, էստեղ անելիք չկա… Ոչ, Հայաստանում շատ անելիք կա, փոխելու շատ բան կա: Եթե բոլորս գնանք, ո՞վ պետք է դա անի: Ես չեմ ուզում, որ մարդիկ ինձ հիշեն, թե ի˜նչ լավ էի թռչում կամ ինչ լավ էի պտտվում: Թող հիշեն, որ պարել եմ, բայց ուզում եմ նախ հիշվել նրանով, որ ինչ-որ բան եմ փոխել իմ երկրում»:

Scroll Up