Միջազգային հանրության նպատակն այս պահին ԼՂ կոնֆլիկտի հարցում բանակցային նոր փուլ սկսելն է. քաղաքագետներ

Միջազգային հանրության ամբողջ թիրախն այս պահի դրությամբ ԼՂ հակամարտության հարցում բանակցությունների նոր փուլ սկսելն է.

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ Ստյոպա  Սաֆարյանը՝ անդրադառնալով մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նախատեսված հանդիպմանը:

«Իսկ դրա համար, նախևառաջ, պետք է վերականգնել ֆորմատը, որը սպանվել է Ադրբեջանի կողմից և թերևս անցած տարիների ընթացքում և միջնորդները և հանրությունը լավ տեսել են, որ դրա վերականգնման թիվ մեկ թշնամին Ադրբեջանի ղեկավարությունն է»,- ասաց նա:

Ըստ քաղաքագետի՝ խոշոր հաշվով իրավիճակն այն է, որ Ադրբեջանը թույլ չի տալիս վերսկսել բանակցությունները՝ դրա դիմաց պահանջելով պրոադրբեջանական մոտեցումներ:

«Պահանջելով բավարարել նախապայմանային իր քաղաքականությունը, այն է,  չկապել ԼՂՀ կարգավորման հարցը ենթադրենք զորքերի դուրսբերման, կամ տարածքների վերադարձման հետ: Հետևաբար` այս պահի դրությամբ մենք գործ ունենք միջազգային  հանրության կողմից ադրբեջանական շանտաժին դիմակայելու և կարծրատիպը քանդելու ցանկության հետ, և թերևս Ադրբեջանն ինքն էլ  գիտակցելով, որ չի կարող շատ բացահայտ կերպով դեմ գալ այդ ամեն ինչին, ժամանակ առ ժամանակ համաձայնում է այս կամ այն միջոցառման շրջանակներում հանդիպում ունենալ ՀՀ-ի ղեկավարության հետ»,-ասաց նա:

Ըստ այդմ էլ խոսելով հանդիպման սպասելիքներից՝ Ստյոպա Սաֆարյանը նշեց, թե կարծում է, որ առայժմ լիարժեք բանակցային գործընթացի վերսկսման մասին խոսելու որևէ  հիմք չենք կարող ունենալ:

«Այլ բան է, որ միջազգային հանրությանը ոչինչ չի մնում, քան նվազագույն նպատակը ձեռք բերել, այն է նախագահական մակարդակով ֆորմատի հանդիպումն է: Մինսկի համանախագահները, մասնավորապես ամերիկյան համանախագահը մի քանի անգամ հիշեցրել է այն սկզբունքները, որոնք ընկած են հակամարտության կարգավորման առաջարկի հիմքում, որն արդեն իսկ ակնհայտորեն չի բավարարում Ադրբեջանի ախորժակին, հետևաբար ինչպիսի նախաձեռնություն էլ լինի, այն չի կարող տարբերվել նախկինից, և եթե անգամ մենք չգիտենք դրա բովանդակությունը, միևնույնն է, այն նոր առաջարկ չի կարող լինել»,- ասաց նա:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից մեծ սպասելիքներ չունի: Ըստ նրա՝ թերևս գուցե քննարկման առանցքում լինի շվեյցարական տարբերակը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համակարգված բանակցությունների հարթակ դառնալու մասին:

«Չեմ կարծում, որ որևէ նոր կարգավորման հարց քննարկվի, որովհետև առաջարկված է շվեյցարական տարբերակը արդեն մի տարուց ավելի և գուցե  բանակցային ինչ-որ ֆորմատ փոխեն՝ ոչ թե նախագահների մակարդակով, այլ կողմերի պատվիրակություններում մշտական բանակցություններ վարեն, որը նույնպես կողմերը չեն ընդունվում, դա էլ կարող է քննարկվել, և թարմացվել»,- ասաց նա:

Մանվել Սարգսյանի խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, իհարկե, չի կարելի սպառված համարել: «Իհարկե գործադրվում է խաղաղ կարգավորման հարցը վերահսկողության տակ պահելու պրոցեսը գերտերությունների կողմից,  մեխանիզմը հստակ կա և դրա միջոցով տարբեր ժամանակներ քայլեր ձեռնակվում են և ինչը ազդեցություն ունի, իհարկե: Ուղղակի ինչ-որ նոր մեխանիզմներ մտցնելը բնական է, որ շատ դժվար է»,-ասաց նա:

Scroll Up