Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախատեսվում է հանրաքվեից հետո` մինչև տարեվերջ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նպատակադրված են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը մինչև տարեվերջ ` դեկտեմբերի 6­-ին Հայաստանում անցկացվելիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո:

«Արմենպրես»­-ի փոխանցմամբ` այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «ՀՀ Նախագահ Սերժ Սարգասյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը մենք քննարկելու են նախագահների հանդիպման օրը և վայրը:

Երկու նախագահներն էլ հանձն են առել խորացնել երկխոսությունը և հանդիպման ցանկություն են արտահայտել: Մենք կցանկանայինք այս այցն օգտագործել` որոշելու հանդիպման հավանական օրը և սկսելու հանդիպման նախապատրաստական աշխատանքները»,­ ասաց ամերիկացի դիվանագետը: Ուորլիքը նշեց, որ իրենք տեղյակ են, որ դեկտեմբերի 6-­ին Հայաստանում տեղի է ունենալու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, ըստ այդմ, նախագահների հանդիպումը, հավանաբար, կլինի դրանից հետո՝ մինչև տարեվերջ: «Շատ կարճ ժամանակ է մնում, մենք պետք է ճշտենք նախագահների հետ նրանց զբաղվածութան գրաֆիկը՝ հանդիպումը կազմակերպելու համար»,­ ասաց ամերիկացի համանախագահը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևան է ժամանել հոկտեմբերի 26-­ին` առավոտյան 4:30­ին: ՄԽ մյուս համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան) և Պիեր Անդրիուի (Ֆրանսիա) հետ նա հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հայտնի է նաև, որ համանախագահները Բաքվում կլինեն հոկտեմբերի 28­-ին:

Scroll Up