Մերձավոր Արևելքում հայկական համայնքների, ազգային փոքրամասնությունների վիճակը մեզ մշտապես պետք է անհանգստացնի. Նալբանդյան

Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովը լավ հնարավորություն է մտքեր փոխանակելու միջազգային հարաբերություններում առկա խնդիրների մասին: Ըստ Panorama.am-ի՝ այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Խոսելով կոնկրետ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, ահաբեկչության մասին, նա նշեց, որ դրանք մարտահրավերներ են ողջ քաղաքակիրթ մարդկության համար:

Նախարարի խոսքով՝ հայերը բնակվում են Մերձավոր Արևելքի բոլոր երկրներում՝ կազմելով բազմազգ, բազմակրոն խճանկարի անբաժանելի մաս:

Արտաքին գերատեսչության ղեկավարը նաև նշեց, որ միայն Սիրիայից Հայաստանն ընդունել 17 հազար փախստական:

«Մերձավոր Արևելքում հայկական համայնքների, ազգային փոքրամասնությունների վիճակը մեզ մշտապես պետք է անհանգստացնի»,-ասաց նախարարը:

Նալբանդյանը կարևորեց Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը՝ նշելով, որ Իրանում տնտեսության զարգացումը էականորեն կփոխի իրավիճակը ողջ տարածաշրջանում:

Արտգործնախարարը նաև կարևորեց տնտեսական միությունների դերն ամբողջ աշխարհում. «Փորձագետները փորձում են որոշել՝ ինչքան է այս կամ այն պետությունը շահում անդամակցելով որևէ տնտեսական միության, բայց անհրաժեշտ է պարզել նաև ինչքան կկորցնի չանդամակցելով այդ միություններին, որը լրացուցիչ տնտեսական հնարավորություններ ստանալու միջոց է»:

Խոսելով այս տարվա հունվարի մեկից Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց և առհասական ԵԱՏՄ-ից՝ նա ասաց, որ այն լրացուցիչ ներուժ է անդամակցող երկրների տնտեսական զարգացման համար:

Է. Նալբանդյանն իր խոսքում նաև նշեց, որ հայ-չինական հարաբերությունները բարձր մակարադակի վրա են:

Scroll Up