Հայր և որդի Դինքջյանները համերգ կունենան Ստամբուլում

Ամերիկահայ երաժիշտներ Օնիկ և Արա Դինքջյանները համերգով հանդես կգան Ստամբուլում: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի կայքի համաձայն՝ հայր և որդի Դինքջյանների համերգը տեղի կունենա հոկտեմբերի 24-ի երեկոյան՝ Ստամբուլի մշակույթի տանը, տեղեկացնում է ermenihaber.am-ը: Անվանի երաժիշտների նախորդ ելույթը Ստամբուլում տեղի էր ունեցել ապրիլի 22-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ  կազմակերպված «Ի հիշատակ ապրիլի 24-ի» խորագրով համերգի շրջանակներում:

Օնիկ Դինքջյանը ծնվել է 1929թ. Փարիզում՝ Դիարբեքիրից գաղթած հայկական ընտանիքում: 1940թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ կարճ ժամանակ անց երաժշտության ասպարեզում բավական մեծ ճանաչում է ձեռք բերել: Նա հիմնականում հայտնի է հայերեն (Դիարբեքիրի բարբառով)  ժողովրդական երգերի կատարմամբ և իր գրած երգերով: Օնիկ Դինքջյանը մի շարք ձայնասկավառակների հեղինակ է, այդ թվում՝ «Հավատամք» խորագրով հայկական կրոնական երգերի ժողովածուի: Այս տարի լույս է տեսել նաև երգչի նոր՝ «Դիարբեքիրի հորանի» անվամբ ձայնասկավառակը: Դրա հետ մեկտեղ  արդեն վաճառվում է Օնիկ և Արա Դինքջյաննների՝ Դիարբեքիր կատարած այցը պատմող փաստագրական ֆիլմը՝ «Կարոտը»՝ նկարահանված Բուրջու Յըլդըզի և Օնուր Գյունայի կողմից: Օնիկ Դինքջյանն իր նախնիների հայրենիքն առաջին անգամ այցելել է այս տարի՝ 75 տարեկանում:

Արա Դինքջյանը ծնվել է ԱՄն-ում՝ 1958-ին: Անատոլիական երաժշտության հետ առաջին անգամ ծանոթացել է հոր շնորհիվ: Արա Դինքջյանն ուդի աշխարհահռչակ վարպետ է : Նա «Night Ark» խմբի հիմնադիրն ու  «Secret Trio» նախագծի հեղինակը: Արա Դինքջյանը երգեր է գրում և կատարում  13 լեզվով: Այս տարի հրապարակվել է նրա «Ճշմարտություն-հույս, 1915-2015» անվանումով ձայնասկավառակը:

Scroll Up