Երանի Ասադն ընդմիշտ մնար Մոսկվայում. Դավութօղլուն՝ Ասադի այցի մասին

Թուրքիան կցանկանար, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մնար Ռուսաստանում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն՝ մեկնաբանելով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի այցը Ռուսաստան։
«Ասադի՝ Մոսկվա այցից երևում է, որ Ռուսաստանն աջակցում է այդ ռեժիմին: Ի՞նչ ասենք, երանի ավելի երկար մնար Մոսկվայում, և սիրիացի ժողովուրդը փոքր-ինչ հանգստանար: Կամ էլ, երանի հավերժ այնտեղ մնար և, այդպիսով, սկսվեր անցումային ժամանակաշրջանը»,-tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է Դավութօղլուն։
Ինչպես տեղեկացնում է TRT Haber-ը, Դավութօղլուն հայտարարել է, թե իրենք չեն ընդունի մի գործընթաց, որին դեմ է սիրիացի ժողովուրդը։
Նա նշել է, թե Սիրիայի ժողովուրդը չի աջակցում նախագահ Բաշար ալ-Ասադին և նրան համարում է երկրում արյունահոսությունների հիմնական պատճառը։
Ասադը Մոսկվա էր ժամանել երեկ։ Նրա այցի մասին այսօր հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաշար ալ-Ասադի հետ հանդիպման ընթացքում հավաստիացրել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել սիրիացի ժողովրդին ոչ միայն «Իսլամական պետության» դեմ պայքարում, այլև քաղաքական գործընթացների ընթացքում։