Հայկական կորսված բնակավայրերի անունով 10 նոր անտառ կհիմնվի Հայաստանում

Հայաստանում կհիմնվեն տասը նոր անտառներ, որոնք կկրեն պատմական Հայաստանի երբեմնի հայաշատ բնակավայրերի անունները: «Կենաց դար» կոչված նախաձեռնությունն իրականացնում է «Ծառատունկ Հայաստան» ծրագիրը:

«Ծառատունկ Հայաստան» ծրագրի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Անի Մելքոնյանն «Անկախի» հետ զրույցում նշում է, որ ծառատնկման աշխատանքներն արդեն մեկնարկել են գարնանը և շարունակվում են:

«Քանի որ այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, մենք էլ ծառատունկով ենք զբաղվում, որոշեցինք պատմական Հայաստանի 10 ամենահայաբնակ գավառների ու բնակավայրերի անուններով անտառներ տնկել Հայաստանի ներկայիս տարածքում»,- ասում է նա:

Անտառները հիմնվելու են Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերում:

Վան անունը կրող անտառը գտնվելու է Շիրակի մարզի Բասեն գյուղում, Դիարբեքիրը` Արևշատում, Կոստանդնուպոլիսը` Ղազանչիում, Բիթլիսը` Կեթիում, Ատրպատականը` Վահրամաբերդում, Կիլիկիան` Լոռու մարզի Գոգարան գյուղում, Խարբերդը` Արևաշողում, Էրզրումը` Լուսաղբյուրում, Սեբաստիան` Կոտայքի մարզի Ակունք գյուղում:

Անդրադառնալով Ատրպատական և Կոստանդնուպոլիս անունով անտառների հիմնմանը` Մելքոնյանը նշում է, որ այս բնակավայրերը ևս հայաշատ են եղել ու դրանց հայաթափումից հետո փրկվածների ժառանգները սփռված են ողջ աշխարհում:

Համայնքային ծառատունկ ծրագրի ղեկավար և փոխտնօրեն Արթուր Հարությունյանն «Անկախի» հետ զրույցում նշում է, որ անտառների համար համապատասխան վայրերը մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո են ընտրել: Շուրջ երկու տարի աշխատել են տարբեր համայնքապետարանների հետ, ուսումնասիրել տեղանքը և ընտրել այնպիսիք, որոնք ապահովված են ոռոգման համակարգով, որտեղ հողը հարմար է անտառտնկման համար, իսկ համայնքն էլ սրտացավ է տրամադրված ու հոգ կտանի անտառների մասին: Ծառատնկման աշխատանքները, ծառերի հետագա խնամքն իրականացնում են համայնքները:

« Իրենք են աշխատանքներն իրականացնում, որպեսզի սրտացավ լինեն արդյունքի համար»,- ասում է նա:

Իսկ «Ծառատունկ Հայաստան» ծրագիրն էլ տրամադրում է տնկիները, տարածքի ցանկապատման համար պարագաներ, որպեսզի պաշտպանեն անասուններից, խորհրդատվություն է մատուցում և ամիսը մի քանի անգամ այցելելով` վերահսկում է, որպեսզի ծառերի խնամքը ժամանակին ու ճիշտ իրականացվի ու, ի վերջո, ունենանք նոր անտառներ:

«Սա շարունակական ծրագիր է, առաջին հարյուր տարին սգալով ենք հիշել Ցեղասպանության զոհերին, հաջորդ հարյուր տարին կարող ենք ծառատնկումներ իրականացնել նրանց հիշատակին: Դա կարող է լինել սկզբնական 10 անտառ, հետո կարող է դառնալ 20 անտառ, ու այդպես շարունակ»,- ասում է Հարությունյանը:

Նախատեսվում է արդյունքում ունենալ առնվազն 15 հա նոր անտառ: Բայց Հարությունյանի խոսքով` տարածքային սահմանափակում չկա. «Գոգարան գյուղում 4 հա տնկել ենք, բայց հաջորդ տարի ևս 2 հա ենք տնկելու ու այդպես մինչև 8 հա: Արևաշող գյուղում 2 հա ենք տնկել, բայց մինչև 12 հա աճելու տեղ ունի»:

Գումար նվիրողները մատնանշում են, թե իրենց նախնիները որ բնակավայրից են եղել: Նրանց հատկացրած գումարը տրամադրվում է համապատասխան անտառում ծառեր տնկելուն:

«Մի քանի վիդեո թողարկեցինք, ինֆորմացիան բերնեբերան տարածվեց»,- ասում է Մելքոնյանը` հավելելով, որ «Կենաց դար» նախագծի մասին տեղեկությունների տարածմանը նպաստում են նաև նվիրատվություն կատարող բարերարները: 50 դոլարից ավելի նվիրատվություն կատարողներին նախագծի տարբերանշանով շապիկ են նվիրում, նրանք էլ այդ շապիկներով լուսանկարվում են ու դրանք տարածում սոցիալական ցանցերում: Բացի այդ, նվիրատուներին տրամադրվում է վկայական` գրառմամբ, որ կոնկրետ վայրում ծառ կամ ծառեր են տնկվել նրանց` Ցեղասպանության զոհ դարձած հարազատների հիշատակին:

«Մարդիկ վկայականի հետ իրենց նախնիների լուսանկարներն են հրապարակում սոցիալական ցանցերում, ներկայացնում նրանց պատմությունները: Այդպես նաև ծանոթանում են միմյանց հետ, բարեկամական կապեր գտնում»,- ասում է Մելքոնյանը:

Խոսելով «Կենաց դար» նախաձեռնության վերջնանպատակի մասին` Մելքոնյանը նշում է. «Նպատակն է, որ Հայաստանում անտառները, կանաչ տարածքները շատանան: Միանգամից երկու կարևոր գործ ենք անում. սերունդների հիշողության մեջ ենք պահում պատմական Հայաստանի կորցրած տարածքների անունները, նաև կանաչապատում ենք Հայաստանը»:

Scroll Up