Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոսն ամեն հայի պարտքն է համարում հայրենիքի բարգավաճմանը նպաստելը
Յուրաքանչյուր հայ պետք է իր կարևոր աշխատանքը համարի հայրենիքի բարգավաճմանը նպաստելը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանը, ով ԱՄՆ բազմափորձ բժիշկների պատվիրակության հետ ժամանել է Հայաստան՝ մարզերի կարիքավոր բնակիչներին բժշկական օգնություն և խորհրդատվություն տրամադրելու նպատակով: «Պետք չէ պատվավոր հյուպատոս լինել հայրենիքի զարգացմանն աջակցելու համար: Յուրաքանչյուր ներդրում կարևոր է: Մեր բոլորիս ամենակարևոր աշխատանքը պետք է լինի հայրենիքի բնակչության տարբեր շերտերի կյանքի բարելավմանն օգնելը: Հայրենիքը չենք կարող հզորացնել խոսքով. գործարար աշխարհում պետք է ակտիվ լինենք», նշում է ՀՀ պատվավոր հյուպատոսը: Ամերիկացի բժիշկների բժշկական և ատամնաբուժական առաքելությունն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության հովանու ներքո:
Առաջարկը եղել է Պերճ Ապգարյանինը, որը մեծ գոհունակությամբ ընդունվել է նախարարության կողմից: Առաքելության նպատակն է անմիջական բժշկական և ատամնաբուժական օգնություն ցուցաբերել մարզերի կարիքավոր բնակինչերին և վերապատրաստման դասընթացներ անցկացնել տեղի բժիշկների հետ: 25 հոգանոց պատվիրակության կազմում ժամանել են ամերիկացի մասնագետ վիրաբույժներ, գինեկոլոգներ, ուռուցքաբաններ, մանկաբույժներ, բուժքույրեր և թագմանիչներ, ովքեր արդեն մեկնել են Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի և Արարատի բժշկական կենտրոններ, ծանոթացել տեղի բուժաշխատողներին, հիվանդանոցների ապահովվածությանը, զննել բուժում ստացողներին: Նրանք իրենց հետ բերել են անհրաժեշտ դեղորայք, բժշկական սարքավորումներ և պարագաներ, որոնք տրամադրելու են տեղի բուժական հաստատություններին: «Առաջին այցը նաև ճանաչողական բնույթ ունի: Նպատակն է տեղում ծանոթանալ մարզերում առողջապահության ոլորտի կարիքներին և հաջորդ տարիներին ավելի թիրախավորված և պատրաստված ժամանել:
Ծրագիրն ամենամյա բնույթ է կրելու», հայտնեց Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոսը: Գնահատելով ՀՀ առողջապահության ոլորտում կատարվող աշխատանքները՝ Ապգարյանը հատկապես կարևորեց, որ հատուկ ուշադրություն է դարձնում հանրային առողջապահության մակարդակի բարձրացմանը:
Հյուպատոսական գործունեության մասին խոսելիս` Պերճ Ապգարյանն ուրախությամբ արձանագրեց, որ թեև հյուպատոսարանը 11 ամսվա կյանք ունի, այն մեծ աշխուժություն է մտցրել համայնքային կյանքում: «Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետության դրոշը ծածանել Ֆրեզնոյի ամենաբարձր շենքի վրա: Մեր գրասենյակն ամբողջովին ստանձնել է հյուպատոսական գործերը, և Ֆրեզնոյի հայ մեծ համայնքի անդամներն այլևս ստիպված չեն լինում հասնել Լոս Անջելես:
Սեպտեմբերի 21-ին համայնքի հետ մեծ շուքով տոնեցինք Հայաստանի Հանրապետության Անկախության օրը: Բանակցություններ ենք վարում Ֆրեզնոյի քաղաքապետարանի հետ` Վիլիամ Սարոյանի տան նկատմամբ իրավասություն ստանալու համար, որպեսզի հետագայում այն թանգարան դարձնենք», ասաց նա:
Ավելի քան 50 հազար բնակչություն ունեցող Ֆրեզնոն նաև ԱՄՆ առաջին քաղաքն էր, որ ճանաչեց Արցախի անկախությունը, ինչին հաջողվել է հասնել յոթ օրում՝ պարոն Պերճ Ապգարյանի ջանքերի շնորհիվ: 2014 թվականին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի Ֆրեզնո կատարած այցի ժամանակ քննարկվել էին Արցախում տարբեր ծրագրերի իրականացման և հետագա համագործակցության մասնրամասները:
«Մենք սատարում ենք և հավատում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը: Ինձ համար 2013 թվականի ապրիլի 23-ը շատ կարևոր օր է», շեշտեց Ապգարյանը: Մեր հարցին, թե համագործակցության ինչպիսի հնարավորություններ կան հայ համայնքի և Արցախի հանրապետության միջև, պատվո հյուպատոսը հավելեց. «Չեմ թաքցնի` մի շարք խոչընդոտներ կան՝ հատկապես տնտեսական ոլորտում. ներմուծման խնդիրներ կան: Աշխատում ենք հաղթահարել այդ խնդիրները, և վստահ եմ, որ Արցախի Նախագահի հետ մեր երկրորդ հանդիպմանը մեր կապերն ավելի ամրապնդված կլինեն»:
Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ Ֆրեզնոյից ժամանած բժիշկների խմբի աշխատանքների մասին նորություններ հնարավոր է ստանալ հետևելով Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջին: