Հայաստանի զբոսաշրջային և արշավային ուղիները կքարտեզագրվեն բջջային հավելվածի համար

«ONEArmenia»­ շահույթ չհետապնդող կազմակերպությունն սկսել է «HIKEArmenia» արշավը, որով ճանապարհորդների համար հասանելի է դարձնում Հայաստանի բնաշխարհը՝ բջջային հավելվածի միջոցով: Ինչպես «Արմենպրես»­-ին տեղեկացրին կազմակերպությունից, 2015-­ի գարնանը «ONEArmenia» (1A) կազմակերպությունն ստեղծել էր Inside Yerevan ուղեցույց, որը օգնում է հազարավոր մարդկանց, ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ տեղացիներին` ճանաչել Երևանը ներսից:

Ներկայիս արշավով «ONEArmenia»-­ն ընդլայնում է սահմանները` դուրս գալով մայրաքաղաքից դեպի Հայաստանի բնաշխարհը և արդյունաբերական մայրաքաղաքից դուրս գտնվող համայնքներ: «HIKEArmenia»-­ն մի նախաձեռնություն է, որն արդեն մի քանի տարի է, ինչ կազմակերպության նպատակների ցանկում է: 1A­-ի համահիմնադիր և թվային մարքեթինգի մասնագետ Պատրիկ Սարգսյանի խոսքով` իրենք համագործակցելու են մի շարք ոլորտների մասնագետների հետ՝ արշավ­էքսկուրսիաների (hiking) ոլորտը հիմնովին զարգացնելու նպատակով:

«Գաղափարը առաջացել է այն պատճառով, որ չնայած Հայաստանում կան հազարավոր արշավային ուղիներ, միևնույն է, դրանցից միայն մի քանիսն են քարտեզագրված: Եվ նույնիսկ այդ դեպքում Հայաստանում ուղղակի չկա արշավի որևէ ստանդարտ ընթացակարգ և դա երկրի ամենագեղեցիկ շրջանները դարձնում է անհասանելի Հայաստան այցելողի համար:

Հայաստանի շրջաններն արտաքին աշխարհից մեկուսացված են: Արտաքին կապերի բացակայության հետևանքները ևս դարձել են սոցիալական և տնտեսական խնդիրների պատճառ գյուղերում»,­ասել է նա: Դրա համար էլ «HIKEArmenia»-­ի առաջին քայլը լինելու է տեղական արշավէքսկուրսիաների մասնագետների հետ միանալն ու Հայաստանում մի քանի արշավային ուղիներ գծելը՝ տեղացի արշավականների կողմից ընդունած միջազգային ստանդարտներին համապատասխան: Նախագծի երկրորդ հատվածում ստեղծվելու է բջջային հավելվածի տեսքով հարթակ, որում լինելու է Հայաստանի գլխավոր արշավային ուղիների ինտերակտիվ քարտեզ՝ ներառյալ կարևոր տվյալները, տեղանքի պատմական նշանակությունը, ինչպես նաև տեղեկություններ արշավի մասին (բարձրություն, երկարություն, բարդության մակարդակ):

Այն հնարավորություն է տալու հետևելու և վերբեռնելու արշավները (գրավոր կամ պատկերային) և տեսնել տեղական արշավային զբոսավարների, ռեստորանների, գիշերելու վայրերի, հետաքրքիր գյուղերի և Հայաստանի հեռավոր շրջաններում յուրօրինակ գործունեությամբ զբաղվող համայնական կազմակերպությունների առաջարկներ:

Scroll Up