Վրաստանի մայրաքաղաքում կանցկացվեն «Թբիլիսիի հայկական հետքերը» խորագրով դասախոսություններ

Յուրաքանչյուր կիրակի Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ Թբիլիսիում կանցկացվի «Թբիլիսիի հայկական հետքերը» խորագրով դասախոսություն:

«Արմենպրես»­-ի հետ զրույցում Վիրահայոց թեմի մամուլի դիվան Սուսաննա Խաչատրյանն ասաց, որ դասախոսությունները կանցկացնի հետազոտող­լրագրող Աիդա Բաբաջանյանցը: «Թբիլիսին հայ ժողովրդի կյանքում մեծ նշանակություն ունեցող քաղաք է: Հատկապես 20-­րդ դարում Թբիլիսիում էր կենտրոնացած հայ մտավորականությունը, գործարար միջավայրը, որոնք իրենց գործունեությամբ պատմություն են ստեղծել: Ցավոք, այսօր շատերը չէ, որ տիրապետում են վիրահայերի պատմությանը, չգիտեն, թե անցյալում ինչ գործիչներ ենք ունեցել, ինչպիսի մտավորականներ են ստեղծագործել Թբիլիսիում: Այս դասախոսությունները շատ լավ առիթ են վերստին ներկայացնելու վիրահայոց պատմությունը»,­ ասաց Սուսաննա Խաչատրյանը` հավելելով, որ կիրակի կայացած առաջին դասախոսությունն արդեն փաստել է, որ թեմայի հանդեպ հետաքրքրությունը բավական մեծ է:

«Դասախոսությանը ներկա էին տարբեր տարիքի վիրահայեր, նաեւ վրացիներ, ովքեր հետաքրքրված էին թեմայի հանդեպ գիտական տեղեկություն ստանալով: Աիդա Բաբաջանյանցը խոստացել է, որ յուրաքանչյուր գործարարի եւ մտավորականի մասին դասախոսությանն առանձին ժամ կտրամադրի, որպեսզի ներկաներին առավել հանգամանալից ներկայացնի նրանց գործունեությունը»,­ ասաց Սուսաննա Խաչատրյանը` հավելելով, որ դասախոսությունը կուղեկցվի լուսանկարչական և տեսանյութերի ցուցադրությամբ և կընթանա ռուսերեն:

Scroll Up