Սերժ Սարգսյանը և Բարաք Օբաման քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկել է հայ ամերիկյան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչ հարցեր են քննարկել ՀՀ և ԱՄՆ նախագահները Նյու Յորքում կայացած կարճ հանդիպման ժամանակ:
«Տեղի է ունեցել կարճատև հանդիպում, որի ընթացքում քննարկվել են հայամերիկյան հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Մենք բարձր ենք գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգների, ինչպես նաև մնացած համանախագահ երկրների ջանքերը՝ միտված Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:
Նա նկատեց, որ հայամերիկյան հարաբերություններն ավելի լայն են, քան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ԱՄՆի հետ համագործակցությունը՝ հավելելով, որ Հայաստանը շահագրգռված է ԱՄՆի հետ հարաբերություններտը խորացնելու հարցում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿի գագաթնաժողովի շրջանակներում, Նյու Յորք կատարած այցի ընթացքում կարճատև առանձնազրույց է ունեցել ԱՄն Նախագահ Բարաք Օբամայի հետ: