Հայ ինժեներները սահմանին անվտանգության ապահովման նոր համակարգ են ստեղծել

«Locator» հայկական ընկերության ինժեներները սահմանին անվտանգության ապահովման նոր համակարգ են ստեղծել։ Այս մասին Երեւանում  DigiTec  ՏՏ ցուցահանդեսի ժամանակ NEWS.am-ի թղթակցին հայտնել  է ընկերության ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը։

Սարքավորումը ստեղծվել է խորհրդային նմուշի զույգ զենիթային գնդացրի ԶՊՈՒ-2-ի հիմքի վրա, որը մասնագետները հարստացրել են նոր ավտոմատ տեխնոլոգիաներով։

«Եթե առաջ սարքավորումը պետք էր ձեռքով պտտել առանցքի շուրջ, ապա հիմա դա էլեկտրական շարժիչի շնորհիվ կարելի է անել ավտոմատ կերպով։ Իսկ ստանդարտ գնդացրից  բացի, մենք ավելացրել ենք հակատանկային նռնականետ»,- նշել է Գրիգորյանը։

«Locator»-ի ինժեներները ստեղծել են նաեւ դիտման սարք, որը կարելի է միացնել զենքին՝ մեկին կամ մի քանիսին։ Սարքը թիրախը գտնում է ձայնով կամ օպտիկայով եւ անհրաժեշտության դեպքում հրահանգ է տալիս զենքին։ Դաշտային պայմաններին առավել պիտանելի լինելու համար սարքը հագեցած է էներգիայի նվազագույն սպառման մեխանիզմով։

DigiTec ամենամյա ցուցահանդեսի կազմակերպիչը Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է։

Scroll Up