Ազնավուրի հովանու ներքո Լեգրանը և այլ արտիստներ կերգեն ի հիշատակ ցեղասպանությունների զոհերի
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի հովանու ներքո փարիզյան «Ֆոլի Բերժեր» հայտնի սրահում կանցկացվի Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հատուկ համերգ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ազնավուրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, հոկտեմբերի 12-ին անցկացվելիք միջոցառումը կրում է «Դու` իմ եղբայր» («Toi mon frère») խորագիրը: Իրադարձությանը կմասնակցեն լեգենդար կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանը, դաշնակահար, երգիչ Ժիլբեր Մոնտանյը, շանսոնյե Էնրիկո Մասիասը, կոմպոզիտոր, երաժիշտ, պրոդյուսեր Անդրե Մանուկյանը, դուդուկահար Լևոն Մինասյանը և այլք:
Միջոցառման պաշտոնական կայքը` toimonfrere.com-ը, ներկայացնելով համերգը, մեջբերում է Հիտլերի`1939 թվականի ասածը`«Ո՞վ է հիշում Հայոց ցեղասպանությունը»: «Սա այն ժամանակաշրջանն էր, երբ Հիտլերը պատրաստում էր ցեղասպանություն իրագործել մեկ այլ ժողովրդի` հրեաների նկատմամբ: 1915 թվականի սարսափը կրկնվեց և տեղի ունեցավ աշխարհի այլ ծայրերում` այլ ժողովուրդների հետ:
Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց արտիստներ, ովքեր ունեն կամ չունեն ֆրանսիական, հրեական, հայկական ծագում, հավաքվել են ոգեկոչելու Հայոց ցեղասպանության տարելիցը և Հոլոքոստը:
Նրանք երգելու են ի հիշատակ ցեղասպանությունների բոլոր զոհերի»,նշված է միջոցառման կայքում: toimonfrere.comը հավելում է, որ ֆրանսիացի արտիստները կոչ կանեն չմոռանալ դեպքերը և թույլ չտալ, որ մեկ այլ ցեղասպանություն պատահի: