Հայաստանի Հանրապետության վերանկախացման 24-րդ տարեդարձը Նոր Ջուղայում
Սեպտեմբերի 24-ի երեկոյան Նոր Ջուղայի ՀՄՄ «Արարատ» միության մարզասրահում հանդիսությամբ նշվեց Հայաստանի Հանրապետության վերանկախացման 24-րդ տարեդարձը: Այս մասին Նոր Ջուղայից «Հայերն այսօրին» տեղեկացնում է Երանուշ Թահմազյանը:
Տոնակատարությունը, որը կազմակերպվել էր Սպահանի Հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնությամբ, մեկնարկեց Իրանի Իսլամական եւ Հայաստանի Հանրապետությունների պետական օրհներգի հոտնկայս ունկնդրությամբ, որից հետո Թեմական խորհրդի խոսքն ընթերցեց Քարոլոն Դիլանչյանը: Օրվա առթիվ բանախոսությամբ հանդես եկավ Իրանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը:
Ելույթների բաժինը եզրափակվեց Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տեր Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանի հայրական պատգամով:
Ծրագրի երկրորդ բաժնում ազգային, հեղափոխական ու ժողովրդական երգերով ելույթ ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրոն): Հանդիսությունը վարեց Մանիա Ղուկասյանը:
Լուսանկարները՝ հեղինակի