Թուրքական դատարանում քննվում է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդից գումար շորթելու գործը

Ստամբուլի 16-րդ ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել ոմն Քեմալ Թայֆուն Նարգինի դեմ Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի բացած դատավարության նիստը: Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի` Աթեշյանը Նարգինին դատի է տվել «Սանասարյան տուն» անվամբ շինությունը պատրիարքարանին վերադարձնելու իրավական գործընթացը կազմակերպելու պատրվակով 6 հազար թուրքական լիրա շորթելու մեղադրանքով, գրում էermenihaber.am-ը :
Աթեշյանի ներկայացրած բողոքի մեջ նշվում է, որ վերջինս 2013 թվականին տեղի ունեցած մի հյուրասիրության ընթացքում այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ «Սանսարյան տունը» պատրիարքարանին վերադարձնելու թեմայով զրույց է ունեցել, որի ընթացքում Էրդողանը խոստացել է հնարավորինս անխոչընդոտ պայմաններում կազմակերպել համապատասխան գործընթացը:
Դեպքից 3-4 օր անց Աթեշյանին է զանգահարել Նարգինը և ներկայացել իբրև կառավարությանն առընթեր պետական սեփականության վարչության տեսուչ:
Այնուհետև Նարգինը գնացել է պատրիարքարան, հայտնել, որ «Սանասարյան տան» վերադարձման որոշումն արդեն կայացված է, Աթեշյանին ստորագրել է տվել որոշ փաստաթղթեր և պահանջել ու ստացել 6.000 թուրքական լիրա իբրև փաստաթղթային ծախսեր: Աթեշյանը որոշ ժամանակ անց կառավարությունից հետաքրքրվել է Նարգինի մասին և հասկացել որ խարդախության զոհ է դարձել, ինչից հետո էլ կանխամտածված խարդախության մեղադրանքով դատի տվել վերջինին:
Նիստին, որին ներկա չի գտնվել հայցվոր Արամ Աթեշյանը, կասկածյալ Նարգինը հերքել է մեղադրանքները` ասելով, որ ինքն իրոք այցելել է պատրիարքարան, սակայն որպես հայերենի թարգմանիչ, քանի որ MİT-ին (Ազգային հետախուզության ծառայություն) պետք էր այդ գործով ստուգել Աթեշյանի մոտ գտնվող հայերեն փաստաթղթերը: Նարգինը, նշելով, որ մինչև 2012 թվականը ինքը ևս աշխատել է MİT-ում, ասել է, որ ինքը միայն կարդացել է հայերեն փաստաթղթերը և հերքել Աթեշյանից գումար վերցնելու մեղադրանքները: Դատական հանձնաժողովը որոշել է հետաձգել նիստը մինչ գրավոր հարցմամբ կպարզի, թե արդյոք Նարգինը աշխատել է MİT-ում: