Մինսկի խմբի համանախագահները բռնություններին վերջ տալու կոչ են արել. հայտարարություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրյուն (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարություն են տարածել, որում իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ականանետների և ծանր զրահատեխնիկայի օգտագործման առնչությամբ:

«Նման զենքերի կիրառումը հակամարտությունում անընդունելի լարվածություն է առաջացնում: Մենք մեր խորագին վշտակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին` միջազգային սահմանի և շփման գծի երկու կողմերում կորուստների առնչությամբ: Մենք կողմերին հնարավոր ամենաազդեցիկ խոսքերով դիմում ենք` խուսափելու քաղաքացիական անձանց հետ տեղի ունեցող դժբախտ դեպքերից:Կողմերը Ժնևյան կոնվենցիայով պատրավորված են պաշտպանել ոչ զինծառայողների անվտանգությունը»,­- նշվում է հայտարարության մեջ:

Համանախագահներն ափսոսանք են հայտնել, որ դեպքերը տեղի են ունեցել Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ծրագրավորված հանդիպման նախօրեին:

«Մենք ակնկալում ենք նախարարներից լուրջ քննարկումներ բռնության ավելացման, ինչպես նաև խնդրի բանակցային կարգավորման շուրջ խնդիրների վերաբերյալ: Քանի որ մենք անկարող ենք հստակորեն հասկանալ, թե որտեղից է ծագել բռնությունը, քանի որ ամեն կողմը մեղադրում է մյուսին, կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի շուրջ, ինչպես քննարկել էին նախագահները: Մենք շարունակելու ենք աշխատել կողմերի հետ ամենաբարձր մակարդակով` թուլացնելու լարվածությունը և առաջընթաց գրանցելու տևական և խաղաղ կարգավորման հարցում»,­ նշվում է հայտարարության եզրափակիչ հատվածում:

Scroll Up