ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Ջակարտայում

Սեպտեմբերի 21-ին Ինդոնեզիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին:

Ինդոնեզիայի կառավարությունը ներկայացված էր ի դեմս տնտեսական հարցերը համակարգող նախարար Դարմին Նասուտիոնի: Միջոցառմանը ներկա էին նաև Ինդոնեզիայի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի (Սենատ) նախագահ Իրման Գուսմանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ամդուրահման Մուհամմադ Ֆախիրը, գործադիր և օրենսդիր մարմինների բազմաթիվ ներկայացուցիչներ, Ինդոնեզիայում հավատարմագրված դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, հասարակական, մշակութային և տնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Բացման ելույթով հանդես եկավ Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը, ով ողջունեց ընդունելության մասնակից բարձրաստիճան պաշտոնյաներին և հյուրերին՝ ներկայացնելով անկախ պետականության ձեռքբերման կարևորությունն ու պատմական արժեքը հայ ժողովրդի կյանքում:

Պատասխան ելույթով հանդես եկավ տնտեսական հարցերը համակարգող նախարար Դարմին Նասուտիոնը, ով նշեց, որ Ինդոնեզիայի կառավարությունը բարձր է գնահատում ՀՀ հետ ունեցած բարեկամական հարաբերությունները, որոնք զերծ են որևէ քաղաքական տարաձայնություններից՝ հիմնված լինելով փոխադարձ հարգանքի և փոխշահավետ համագործակցության վրա: Համակարգող նախարարը ընդգծեց նաև Ջակարտայում ՀՀ դեսպանություն հիմնելու կարևորությունը, ինչպես նաև հայ-ինդոնեզական երկկողմ առևտրատնտեսական բնագավառում վերջին տարիներին առկա դրական դինամիկան:

Ընդունելության ընթացքում ցուցադրվեին ՀՀ պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող տեսաշարեր, հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Scroll Up