ՀՀ սփյուռքի նախարարի շնորհավորական խոսքը Հովսեփ Նալբանդյանի 35-ամյա գործունեության առթիվ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/09/Hovsep-Nalbandyan.jpg)
Հարգելի՛ հայրենակիցներ,
Հարգելի՛ պարոն Հովսեփ Նալբանդյան,
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ 35-ամյա բեղուն գործունեության առթիվ:
Ազգային արժեքների պահպանմանը նպաստելը յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է: Արդեն 35 տարի, Դուք հայեցի մտածողությանը, հայ ինքնության պահպանման առաքելությանը լծված, խոնարհաբար և նվիրումով ծառայում եք Մայր Հայրենիքից դուրս բնակվող հային հայ պահելու ազգապահպան գործին: Դա առավել դժվար է, երբ ապրում ես օտար միջավայրում, որտեղ իշխում են այլ բարքեր, այլ սովորույթներ, ուր ազգայինն ակամա վտանգված է, իսկ հայը՝ կանգնած ձուլման վտանգի առաջ:
Հանրահայտ իրողություն է, որ ազգերը գոյատևում են ոչ միայն հողով, այլև լեզվով ու մշակույթով. ուսյալ սերունդը հայի ապագան է: Բարձր եմ գնահատում Ձեր դերն ու երկար, հետևողական աշխատանքը հայ գրի ու գրքի, մշակույթի ուժով ինքնության կորստի անդունդի եզրին հայտնված երիտասարդներին հայ պահելու, հայեցի դաստիարակելու, նրանց Մայր Հայրենիքի հետ կապելու, ուծացման աղետի դեմ համատեղ պայքարելու մեծ նվիրումը:
Ձեր ստեղծած 15 գրքերը Ձեր 15 զավակներն են, որոնք ծնվել են ծառայելու հայապահպանության սուրբ նպատակին:
Անգնահատելի է Հայրենիքից հեռու ապրող Ձեզ նման հայորդիների գործունեությունը, որը միտված է ոչ միայն լեզվի և մշակույթի պահպանությանը, այլև արտերկրում հայ ժողովրդի պատմության էջերը ճանաչելի դարձնելուն:
Արտահայտելով հիացումս` ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ, մաղթում ուժ, եռանդ ու բեղուն գործունեություն՝ ի նպաստ հայ մշակույթի ու պատմության պահպանմանը և տարածմանը, ի շահ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը և հզորացմանը:
Լավագույն մաղթանքներով՝
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ