Է. Նալբանդյան. Անհնար է թերագնահատել Հելսինկիի եզրափակիչ ակտի կարեւորությունը

Այս տարի նշվում են կարեւոր տարելիցներ` Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, Հոլոքոսթի զոհերի հիշատակի 70-ամյակը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակը, ՄԱԿ-ի ստեղծման եւ կանոնադրության ընդունման 70-ամյակը, Հելսինկիի Եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակը: Այդ մասին ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Հելսինկիի Եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակին նվիրված ընդունելությանը:

«Դրանք չեն վերաբերում զուտ մեր անցյալին եւ պատմությանը, այլեւ ուղղորդում են մեր ապագա քայլերը` ԵԱՀԿ ընդհանուր տարածքում համապարփակ, ընդգրկուն եւ անխախտ անվտանգության համայնքի ձեւավորման ուղղությամբ, որը զերծ կլինի ցեղասպանություններից, պատերազմներից, հակամարտություններից եւ բաժանարար գծերից:

Այս նպատակների իրագործման առանցքում անհնար է թերագնահատել Հելսինկիի եզրափակիչ ակտի կարեւորությունը: Դրա ստորագրությունը հետպատերազմյան Եվրոպայի այն կարեւորագույն իրադարաձություններից է, որը մեծապես պայմանավորել է ինչպես տարածաշրջանի երկրների փոխհարաբերություններն ու համագործակցության ուղղությունները, այնպես էլ էական ազդեցություն է ունեցել ընդհանուր առմամբ միջազգային հարաբերությունների հետագա զարգացման վրա:

1975թ.-ին Հելսինկիում հրավիրված խորհրդաժողովի յուրահատկությունը, 20-րդ դարի Եվրոպայի պատմության այլ խոշոր միջազգային համաժողովների համեմատությամբ, կայանում է նրանում, որ այն ընդհանուր սեղանի շուրջ էր հավաքել ոչ թե հաղթողներին ու պարտվածներին` սահմանելու հետպատերազմյան նոր աշխարհակարգը, այլ՝ այն երկրների ու ժողովուրդների ղեկավարներին, որոնց նպատակն էր, ինչպես նշված է Եզրափակիչ ակտի նախաբանում` նպաստել Եվրոպայում խաղաղությանը, անվտանգությանը, արդարությանն ու համագործակցությանը:

Չնայած Հելսինկիի խորհրդաժողովը վերջ չդրեց պատերազմներին, բայց կարեւոր է, որ այն առաջարկեց համաեվրոպական խաղաղության մի նոր մոդել, որը խարսխված է մի կողմից մասնակից երկրների համագործակցության եւ անվտանգության, մյուս կողմից՝ մարդու իրավունքների պաշտպանության վրա:

Հայաստանը, իրականացնելով ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած իր հանձնառությունները, հանդիսանում է Կազմակերպության ակտիվ անդամներից մեկը: Սերտ համագործակցություն է ձեւավորվել ԵԱՀԿ կառույցների, նաեւ Երեւանյան գրասենյակի հետ, որն այսօր Հարավային Կովկասում ԵԱՀԿ միակ լիարժեք ներկայությունն է, ինչն ինքնին խոսուն կերպով ցուցադրում է միջազգային համագործակցության հանդեպ Հայաստանի վերաբերմունքը եւ տարածաշրջանային առկա իրողությունները:

1975թ. Հելսինկիի եզրափակիչ ակտը ստորագրեցին 35 երկրներ: Այժմ, ԵԱՀԿ-ն 57 մասնակից երկրների կազմակերպություն է: ԵԱՀԿ ընտանիքի այս էական աճը պայմանավորված է Հելսինկիի Եզրափակիչ ակտի սկզբունքների, մասնավորապես՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառմամբ:

Հելսինկիի եզրափակիչ ակտով դեռ 40 տարի առաջ սահմանված եւ մեզ ժառանգված դրույթների անշեղ կիրառումը Եվրոպայում խաղաղության, անվտանգության եւ համակեցության կարեւորագույն գրավականներից մեկն է հանդիսանում, հետեւաբար դրա նկատմամբ մշտական հոգածությունն ու ուշադրությունը առանցքային տեղ պետք է զբաղեցնի արդի միջազգային հարաբերություններում»:

Scroll Up