Ջիզրե՝ հայկական Գզիրա. Թուրքիայում 100 տարվա մեջ ոչինչ չի փոխվել
Թուրք-քրդական շարունակվող բախումները լուրջ վտանգ են դարձել ողջ տարածաշրջանի համար։ Անցած շաբաթ նման մի խոշորածավալ հարձակման ձայներն անգամ լսվել էին Հայաստանի Արարատի մարզի գյուղերում։ Միաժամանակ՝ այդ բախումներում կրկին գլուխ է բարձրացնում հակահայկական մաղձը։
Ողջ շաբաթ Թուրքիայի ներկայիս հարավ-արեւելյան հատվածում գտնվող Ջիզրե քաղաքի շուրջ ծավալվող ռազմական գործողությունների մասին տեղեկությունները միջազգային լրահոսում չէին պակասում։
Մինչեւ 1915 թվականը, Պոլսո Հայոց Պատրիարքության պաշտոնական տվյալներով, 4281 հայություն ունեցող Ջիզրե՝ հայերեն Գզիրա քաղաքից Ցեղասպանության օրերին մեր հայրենակիցները տեղահանվեցին, շատերը նահատակվեցին Դեյր Զորի անապատներում։
Գզիրա, ասել է թե՝ «կղզի» անվանում ունեցող քաղաքում այս շաբաթ կրկնվեցին նույն դեպքերը։ Դրանց հետ նմանություններն ու զուգահեռներն այնքան շատ էին, որ անգամ թուրքական խոշորագույն թերթերից մեկը՝ «Ռադիկալը», մեծ հոդված հրապարակեց Զիջրեի հայկական պատմության մասին։ 100 տարում Թուրքիայում բան չի փոխվել։ Ոստիկանական ուժերով շրջափակված Ջիզրե քաղաքում շարունակվում են գնդակոծությունները, բախումներն ու ոստիկանությունը բարձրախոսով բնակիչներին այսպիսի խոսք է ուղղում՝ «Հայերը Ձեզանով հպարտանում են։ Դուք բոլորդ հայ եք»։
Անցած շաբաթ համացանցում տարածվեց եւս մեկ ուշագրավ տեսանյութ. ազգությամբ քուրդ սպանված զինվորի հուղարկավորության ժամանակ նրա հարազատներից մեկի խոսքերը տեսանյութով տարածել էր նաեւ Էրդողանի ամենավստահելի թերթերից մեկը՝ «Սաբահը»։ Նա խոսում է «Քրդական աշխատավորական կուսակցության» զինյալների մասին, որոնց հաճախ կոչում են PKK-ական։
«Բոլոր PKK-ականները հայ են։ Ես էլ եմ քուրդ, մուսուլման, բայց հայ չեմ։ Մի օր հայերի վերջը տալու ենք»,- ասում է նա։
Ու այսպես Թուրքիայում «հայ» արտահայտությունը շարունակում է ծավալվել, շարունակում է մնալ իբրեւ հայհոյանք։ Հայերի թեման շարունակվում է քննարկվել ոչ միայն շարքային ազգայնականների, այլեւ անգամ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանակում։
Այսպես՝ օրերս էլ Թուրքիայի նախագահի խորհրդական Բուրհան Քուզուն «Թվիթթերի» իր էջում պահանջել է PKK-ի սպանված մարտիկների դիակները քննել, քանի որ նրա ձեւակերպմամբ, «կպարզվի, որ նրանցից շատերը թլպատված չեն, այսինքն՝ մահմեդական չեն»:
Հակահայկական ալիքն այնքան ծավալվեց, որ նույնիսկ Պոլոս Հայոց Պատրիարքարանը հանդես եկավ դապատարտող ու սաստող հայտարարությամբ։
Միաժամանակ, Թուրքիայում կրկին լուրջ վտանգի տակ են հայտնվել նաեւ հայկական հուշարձանները։ Օրերս վնասվեց հայկական սուրբ Կիրակոս եղեկեցին Դիարբեքիրում։ Հրապարակված լուսանկարներում երեւում են եկեղեցու կոտրված պատուհանները, ապակինները, իսկ պատին տեղադրված ցուցատախտակի վրա փամփուշտի հետքեր են նկատվում: Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները հայտնել են, որ եկեղեցին չի եղել հարձակումների թիրախ, այլ վնասվել է ոստիկանական ուժերի հետ բախումների հետեւանքով։ Սուրբ Կիրակոսը հայտնվել է պայթեցումների եւ կրակոցների տիրույթում։ Այսօր եւս եկեղեցու շրջակայքում լարված իրավիճակ է։
Իսկ անցած շաբաթվա սկզբին Թուրքիայում առաջին անգամ նշվել է երկրի սեւ օրերից մեկի տարելիցը. 1955 թվականի սեպտեմբերի 5-7-ը լայնածավալ հալածանքների էին ենթարկվել հույն, ինչպես նաեւ հայ համայնքները։ Այդ օրերին երկրի տարբեր հատվածներում հարձակումներ էին իրականացվել ու հրկիզումներ էին եղել։ Արդյունքում՝ շատ շատերը ստիպված արտագաղթել էին։
Իսկ շաբաթը մեր հարեւան երկրում ավարտվեց ֆաշիստական բռնապետության հերթական անգամ հաստատման տարելիցով. 1980 թվականի սեպտեմբերի 12-ին էր, որ Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Քենան Էվրենի գլխավորությամբ իրականացվեց պետական հեղաշրջում՝ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ սա թվով 3-րդն էր: Առաջինը տեղի էր ունեցել 1960 թվականին, մյուսն էլ՝ 1971-ին: Այդ օրերին Թուրքիայի դաշնակից Միացյալ Նահանգներն ու արեւմտյան երկրները ողջունեցին զինվորականության գործողությունները՝ աչք փակելով երկրում իրականացված բռնությունների վրա։ Հազարավոր մարդկանց՝ բանտարկություն, հարյուրավորների՝ առանց դատավիճռների գնդակահարություն, որոնց թվում էին նաեւ ազգությամբ բազմաթիվ հայեր: Այս ամենը մինչեւ այժմ թուրք հասարակության հիշողության ողբերգական էջերն են։
Մինչեւ օրս էլ մարդիկ հարցնում են՝ ո՞ւր են իրենց հարազատները, որոնք անհետ կորան թուրքական բանտերում: Հարցը, որը մինչ օրս այժմեական է Թուրքիայի տարածքում։
Գեղամ Մանուկյան
Երկիրմեդիա