ՀՀ-­ի և ՉԺՀ­-ի միջև կստորագրվի առևտրական ներկայացուցչությունների հիմնման համաձայնագիր

Հայաստանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև կստորագրվի առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնման մասին համաձայնագիր, որը մշակվել է Հայաստանի և Չինաստանի միջև գործարար նախաձեռնությունների ակտիվացման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով:

Համաձայնագրին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության օգոստոսի 31­-ի նիստի օրակարգում: «Արմենպրես»-­ի փոխանցմամբ` համաձայնագրով նախատեսվում է Չինաստանի տարածքում հիմնել ՀՀ առևտրական ներկայացուցչություն, իսկ ՀՀ տարածքում համապատասխանաբար հիմնել ՉԺՀ առևտրական ներկայացուցչություն: ՀՀ Նախագահի 2015 թվականի մարտի 24­28-­ը Չինաստան կատարած պետական այցի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ընդլայնել և ամրապնդել հայ­չինական փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունը և բարենպաստ պայմաններ ստեղծել ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիաների և կապիտալի ներմուծման համար։

«Այս համատեքստում առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնումը թույլ կտա առավել արդյունավետ ներկայացնել երկու երկրների տնտեսական շահերը առևտրին և տնտեսական համագործակցության այլ ձևերին առնչվող բոլոր ոլորտներում, կդյուրացնի հայկական և չինական տնտեսվարող սուբյեկտների կողմից առևտրական, տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության բնագավառում գործարքների իրականացումը և կօժանդակի միմյանց միջև կապերի ստեղծմանը: Առևտրային ներկայացուցչությունների հիմնումը հնարավորություն կտա նաև առավել օպերատիվ տեղեկատվություն ստանալ Չինաստանի տնտեսական իրավիճակի, արտաքին տնտեսական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրության մասին, ինչպես նաև Հայաստանի վերաբերյալ այդպիսի տեղեկություններ հաղորդել Չինաստանի շահագրգիռ մարմիններին:

Համաձայնագրի ստորագրումը կնպաստի նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի վերոնշյալ այցի շրջանակներում ստորագրված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի նախարարության միջև Հայ­չինական առևտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի շրջանակներում Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին Հուշագրի դրույթների իրականացմանը»,-­ ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Հաշվի առնելով Համաձայնագրի ստորագրման կարևորությունը երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտ ձևավորելու հարցում` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է համարում համաձայնագրի ստորագրումը ՀՀ կառավարության կողմից:

Scroll Up