Մոսկվայի հայկական թատրոնը լավագույնն էր Off փառատոնի «Ռուսական դասական թատրոն» անվանակարգում

Մոսկվայի հայկական թատրոնը մասնակցել է Ավինյոնի (Ֆրանսիա) 50-րդ հոբելյանական Off փառատոնին, որին ներկայացրել է «Une Demande De Mariage» կամ «Առաջարկ+» ներկայացումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռուսաստանի հայերի միությունից, ներկայացման հիմքում Չեխովի, Պուշկինի և Ֆիլատովի ստեղծագործություններն են: Ներկայացումն բեմադրել է թատրոնի գեղարվեստական տնօրեն Սլավա Ստեփանյանը: Այն փառատոնի ընթացքում լավագույնն է ճանաչվել «Ռուսական դասական թատրոն» անվանակարգում և թատրոնի անձնակազմը Association Lyrique Artistique International de Vedene Franceի կողմից սերտիֆիկատներ է ստացել լավագույն ռեժիսուրայի, գեղարվեստական ստեղծագործության ադապտացիայի, լավագույն տղամարդու, կնոջ գլխավոր դերի համար:
«Պետք է նշել, որ դեռևս 2013 թվականին Ավինյոնում հաջող ելույթից հետո մեր թատրոնի վրա ուշադրություն դարձրին ֆրանսիացի պրոդյուսերները և զբաղվեցին դրա առաջխաղացմամբ` եվրոպական շուկայում», նշել է Սլավա Ստեփանյանը` հավելելով, որ ֆրանսիացի պրոդյուսերների շնորհիվ իրենք մի շարք երկրներում են հանդես եկել, իսկ Փարիզում և ԷքսԱնՊրովանսում հյուրախաղեր կունենան 2016-ի գարնանը: Բացի այդ, առաջարկվել է հյուրախաղերով հանդես գալ Բուենոս Այրեսում: Իր 13րդ թատերաշրջանը թատրոնը կսկսի սեպտեմբերի 18-ին Մոսկվայում: