Հայկական կազմակերպությունը խնդրում է չեղարկել Փարիզում «Ադրբեջանական գյուղը»

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահները բողոքի նամակ են ուղարկել՝ կապված «Ադրբեջանական գյուղ Պալե Ռուայալի սրտում» միջոցառման հետ, որը սեպտեմբերի 3-ին անցկացնելու է Փարիզի 1-ին շրջանի քաղաքապետարանը: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է «Nouvelles d’Arménie» պարբերականը:
Հայկական կազմակերպության ղեկավարների խոսքով՝ իրենք ցնցված են, որ այդ պետությանը ներկայացնելու են որպես «հանդուրժողականության երկիր»՝ այնտեղ իրականացվող դաժան բռնաճնշումների եւ Հայաստանի հանդեպ վրդովվեցուցիչ սպառնալիքների ֆոնին: Նրանք քաղաքապետին խնդրել են ամբողջությամբ չեղյալ հայտարարել ադրբեջանական քարոզչությանն ուղղված այս միջոցառումը:
«Այդ նախաձեռնությունը ցնցում է մեզ, բայց չի զարմացնում, եթե հաշվի առնենք, թե սեփական վարկանիշը բարձրացնելու համար ինչպիսի միջոցներ է օգտագործում այդ պետությունը, որը «Transparency International»-ի կոռուպցիայի վարկանիշում 180 երկրների ցանկում 125-րդ տեղն է զբաղեցնում: Հարկ է իմանալ, որ այս միջոցառումը կայանալու է այն բանից հետո, երբ իրավապաշտպան Լեյլա Յունուսը, որն արժանացել է ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանի, դատապարտվել է 8.5 տարվա ազատազրկման»,- նշել են կազմակերպության համանախագահները: