Իրանը նախատեսում է արտահանվող ապրանքների ցուցահանդես կազմակերպել Երեւանում
Իրանը նախատեսում է հոկտեմբերի 8-ից 11-ը արտահանվող ապրանքների ցուցահանդես կազմակերպել Երեւանում: Այդ մասին ըստ NEWS.am-ի՝ հաղորդել է Իրանի Առեւտրի, արդյունաբերության, լեռնահանքարդյունաբերության եւ գյուղատնտեսության պալատը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ դա կլինի Հայաստանի հետ 17-րդ համատեղ ցուցահանդեսը եւ կընթանա Panarmenian Expo 2015-ին զուգահեռ: Միջոցառումը կհովանավորվի Իրանի եւ Հայաստանի առեւտրա-արդյունաբերական պալատի կողմից:
Իրանական արդյունաբերական եւ արտադրական ընկերություններն այս ցուցահանդեսը դիտարկում են որպես Հայաստանի շուկայում, ինչպես նաեւ, ռուսականին ի հավելումն, ԱՊՀ այլ երկրների շուկաներում երկարաժամկետ ներկայության հնարավորություն, հաղորդում է իրանական FARS գործակալությունը:
Անցյալ տարի միջոցառմանը մասնակցել է իրանական 40 արտադրող եւ արտահանող: