Սերբական պարբերական. Հայերը չեն հավատում Արեւմուտքին եւ պայքարում են իրենց արժեքների համար

Եթե Ադրբեջանն ընդլայնում է համագործակցությունն ԱՄՆ-ի հետ, ապա Հայաստանը՝ Ռուսաստանի հետ, ըստ News.am-ի՝ գրում է սերբական «Nedeljnik» պարբերականը: Հոդվածում, մասնավորապես, նշվում է.
«Թեեւ Արեւմուտքը «կանչեց» Հայաստանին, բայց նա ընտրեց եվրասիական ինտեգրման ուղին: Նրանից հետո ԵՏՄ է պատրաստվում մտնել Ղրղզստանը (արդեն անդամակցել է-խմբ), եւ գրեթե վստահությամբ կարելի է խոսել Տաջիկստանին ներգրավելու պլանների մասին: Բաց է մնում Ուկրաինայի վիճակը: Բայց Հայաստանի դեպքը յուրահատուկ է. նա ընդհանուր սահման չունի ԵՏՄ ներկա եւ պոտենցիալ անդամ երկրների հետ: Երբ Հունաստանը 1981 թվականին անդամակցեց ԵՄ-ին, նա նույնպես ընդհանուր ցամաքային սահման չուներ, բայց ուներ ծովային սահման: Հայաստանը չունի ելք դեպի ծով, ինչպես նաեւ ուղիղ կապ Ռուսաստանի հետ: Հայաստանն ավելի լավ հասկանալու համար պետք է նայել անցյալը, երկու պատմական իրողության: Առաջինը Օսմանյան կայսրությունում հայերի տանջանքներն են: Այնտեղ հայերը հարուստ առեւտրականները էին, արհեստավորներ: Նրանց առեւտրային ցանցը տարածվում էր Պարսից ծոցից մինչեւ Միջերկրական ծովի արեւմտյան հատվածներ, Բոսֆորից Բալթիկա: Օսմանյան կայսրությունում այդ ժողովրդի ազդեցությունը հսկայական էր: Թուլացող Օսմանյան կայսրությունում թուրքական ազգայնականության եւ պանթուրքիզմի վերածննդին զուգահեռ աճում էր տիտղոսային ազգի անվստահությունը հայերի նկատմամբ: Ամեն ինչ բռնկվեց Աբդուլ Համիդի ժամանակ, երբ մեծ վեզիր Ջամիլը թուրք ժողովրդին պատգամեց ոչնչացնել հայերին «առանց հետքի ու սերունդների»:
Չարագործություններն սկսվեցին 1894-96 թվականներին, շարունակվեցին 1909-ին, ապա 1915-ին: Այն ժամանակվա ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան հայտարարել է, որ «երեք ամսում արեց ավելին, քան Աբդուլ Համիդը 30 տարում»: Բաբկեն Սիմոնյանը (Սերբիայի պատմությամբ զբաղվող հայտնի հայ հետազոտող-խմբ) գրում է, որ մինչեւ 1923 թվականը սպանվել է 1,5-2 մլն հայ, ոչնչացվել է 66 քաղաք, 25 հազար գյուղ, ավերվել է 2350 եկեղեցի: Երկար տարիներ հայկական կազմակերպությունները փորձել են սահմանել հանցագործության իրական մասշտաբները: Երկրորդ պատճառը ղարաբաղյան հակամարտությունն է: Դրա նախադրյալներն ի հայտ են եկել դեռեւս 1921 թվականին, երբ կոմունիստները Հայաստանից անջատել են Լեռնային Ղարաբաղն ու Նախիջեւանը եւ տվել Ադրբեջանին:
Նոր հակամարտության առաջին զոհերը Սումգայիթի, Կիրովաբադի եւ Բաքվի հայերն էին: ԼՂ կարգավիճակը մնաց վիճելի, իսկ Հայաստանն ու Ադրբեջանն այժմ հարաբերություններ չունեն, անգամ սպորտում: Երբ 2008-ին նրանք հայտնվեցին Եվրոպայի առաջնության ընտրական մեկ խմբում, ՈՒԵՖԱ-ն պարզապես որոշեց, որ խաղ չի լինի: Դրանից հետո վիճակահանություն այնպես է կատարվում, որպեսզի նրանք նույն խմբում չհայտնվեն: Բայց սա փոքր խնդիր է: Մեծ խնդիրը ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունն է Ադրբեջանում, որը լավ ցատկահարթակ է Իրան ինտերվենցիայի եւ Կասպից ծովին հարակից ռուսական շրջաններում, առաջին հերթին Դաղստանում անկայուն իրավիճակ ստեղծելու համար: Ադրբեջանի հետ նոր համաձայնագրով ԱՄՆ-ը կօգտագործի Գաբալայի ռազմավարական ռադարը եւ այնտեղ ռազմական ուժեր կտեղակայի, որոնք դուրս կբերվեն Աֆղանստանից: Դրանից ելնելով Հայաստանը որոշել է ամրապնդել կապերը Ռուսաստանի հետ: ՀԱՊԿ շրջանակներում ռազմական գործընկերությունից հետո, Հայաստանն ուզում է ընդլայնել հարաբերությունները Ռուսաստանի հետ նաեւ տնտեսական ոլորտում:
Հայերը շարունակում են պայքարել իրենց երկրի համար: Նրանք չեն հանձնվում եւ չեն հավատացել Արեւմուտքի խոստումներին, թե ավելի լավ է չպայքարել սեփական արժեքների համար եւ փոխհատուցում ստանալ ներդրումների տեսքով: