Չինաստանի նախագահը միջոցներ է հատկացրել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման համար

«Չինական կողմի համար Իրան-Հայաստան երկաթգիծը շատ կարևոր է և Չինաստանի նախագահը այդ ճանապարհի համար գումարներ է հատկացրել»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: «Չինաստանը շահագրիռ է մետաքսի ճանապարհի վերականգնման գործում: Դրա համար նման ծրագրերում գործունեություն ծավալած չինական շատ կազմակերպություններ ունեն շահագրգռվածություն այդ երկաթուղու կառուցման գործում ունենալու իրենց ուրույն տեղը»,-ասաց Բեգլարյանը:

Միաժամանակ, նախարարը նկատեց, որ երբեք ոչ ոք չի ասել, թե Իրան-Հայաստան երկաթգիծը հեշտ է կառուցվելու: «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս ուղղությամբ խնդիրները հաղթահարվեն: Երբեք չենք հայտարարել, որ դա շատ հեշտ է կառուցվելու ու լուրջ խնդիրներ չունենք: Երկաթգծի կառուցումը բոլորիս է անհրաժեշտ»,- հավելեց նախարարը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 17-ին Ծաղկաձորում հայտարարել էր, որ նախատեսում է սեպտեմբերին այցելել Չինաստան, որի ընթացքում իր չին գործընկերոջ հետ կքննարկի նաև Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրում Չինաստանի ներգրավվածության հարցը:

 

Scroll Up