Դիարբեքիրում 7 եկեղեցիներ պետական սեփականություն են համարվում. դրանցից մեկը գոյություն չունի
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/Դիարբեքիր.jpg)
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում հայտնաբերված 664 մշակութային կոթողների թվում 7 եկեղեցի կա, որոնք պատկանում են պետությանը։ Դրանցից մեկն այլևս գոյություն չունի, ըստ Tert.am-ի՝ գրում է «Ակօսը»։
Դիարբեքիրի պարիսպները ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու լուրից հետո Դիարբեքիրի մշակութային ժառանգության հարցը դարձյալ օրակարգում է հայտնվել։
Նահանգի մշակութային հարստությունը բացահայտելուն ուղղված աշխատանքներն ավարտվել են։ Դիարբեքիրի թանգարանի տնօրինությունը, քաղաքապետարանների հետ համատեղ, մշակութային քարտեզ է կազմել, և աշխատանքները շարունակվում են 2009 թվականից ի վեր։
Դիարբեքիրի կենտրոնում ու հարակից գյուղերում 664 կոթող է հայտնաբերվել։ Դրանց թվում 11 եկեղեցի և 1 սինագոգ կա։ Դրանցից 7-ի սեփականատերը պետությունն է։ Այդ եկեղեցիներից մեկը գոյություն չունի և նույնիսկ անունը հայտնի չէ, իսկ մյուս 6-ը դեռ որպես դպրոց, խմբակ կամ այլ նպատակներով են գործում։
Դրանց թվում կա եկեղեցի, որը գործում է որպես ցուցասրահ։ Կան դպրոցներ։
Իսկ Սուր շրջանում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին, օրինակ, վերակառուցվել է ու դարձել Մոր և մանկան կենտրոն։ Նույն շրջանում գտնվող հայկական բողոքական եկեղեցին էլ վերակառուցվել է, և այնտեղ գորգագործության խմբակ է գործում։