Իշխան Զաքարյանը վերընտրվել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի պաշտոնում
Օգոստոսի 14-ին Երեւանում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի (ՀԽՀԿ) նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀԽՀԿ Գլխավոր ասամբլեան։ Օրակարգում ընդգրկված է եղել 5 հարց՝
1. Համահայկական ամառային 6-րդ խաղերի արդյունքների ամփոփում,
2. Պարգեւների հանձնում,
3. Ընտրություններ,
4. ՀԽՀԿ գործկոմի հերթական նիստի անցկացման վայրի եւ ժամկետի որոշում,
5. Այլ հարցեր։
Ամփոփելով Համահայկական ամառային 6-րդ խաղերի արդյունքները՝ ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը մատնանշել է մի շարք կարեւորագույն փաստեր. «Աննախադեպ մասնակցություն՝ 175 քաղաքներ, 6352 մասնակից մարզիկներ, 17 մարզաձեւ, ինչը 7-ով ավելին է նախորդ խաղերից, բազմահազար զբոսաշրջիկներ, Պատմական հայրենիքի 8 քաղաքների շուրջ 900 պատվիրակ. սրանք պարտավորեցնող թվեր են»։ Պարոն Զաքարյանը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ՀԽՀԿ գործադիր մարմնի անդամներին բարձր մակարդակի ընդունելության եւ շնորհակալագրերի արժանացնելու համար։
ՀԽՀԿ նախագահը եւ գործկոմի անդամները քննարկել են նաեւ խաղերի ընթացքում ի հայտ եկած խնդիրները եւ դրանց վերացմանն ուղղված հետագա քայլերը։
ՀԽՀԿ գործկոմի անդամների որոշմամբ պարոն Զաքարյանը պարգեւատրել է Մանուկ Շեքերդեմյանին, Միսակ Նաջարյանին, Վրեժ Շառոյանին, Սեպուհ Բաղդոյանին, Տիգրան Ալթունին, Պողոս Քիշյանին, Ավետիս Թոքաթլյանին, Պերճ Հալաջյանին, Ղազարոս Ունանին՝ «Համահայկական մարզական շարժման զարգացման եւ Համահայկական ամառային 6-րդ խաղերի նախապատրաստման եւ անցկացման աշխատանքներում ունեցած գործուն մասնակցության համար ՀԽՀԿ Պատվո շքանշանով»։
Այնուհետեւ տեղի են ունեցել ՀԽՀԿ գործադիր կոմիտեի նախագահի, փոխնախագահների եւ գործկոմի անդամների ընտրությունները։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի պաշտոնում գործկոմի անդամների միաձայն որոշմամբ վերընտրվել է Իշխան Զաքարյանը։ Փոխնախագահների պաշտոններում կրկին միաձայն որոշմամբ վերընտրվել են Ալբերտ Բոյաճյանը եւ Ստեփան Դերբեդրոսյանը։ Գլխավոր ասամբլեայում որոշում է ընդունվել նաեւ ՀԽՀԿ նախագահի տեղակալների թիվն ավելացնել երկուսով։ Տեղակալ է ընտրվել Ռոլանդ Շառոյանը, իսկ մյուս տեղակալի պաշտոնը դեռեւս կմնա թափուր։ Տեղի է ունեցել նաեւ գործկոմի անդամների ընտրությունը։ Գլխավոր քարտուղար է ընտրվել Սվետա Մանուչարյանը։ Պարոն Զաքարյանը շեշտել է, որ անհրաժեշտ է ապահովել գործկոմի կազմում արդյունավետ սերնդափոխություն, ինչը մեծապես կնպաստի ՀԽՀԿ աշխատանքների կազմակերպմանը։
Գլխավոր ասամբլեան որոշել է նաեւ հաջորդ նիստն անցկացնել 2016թ. մայիսին։
Հանդիպման ավարտին պարոն Զաքարյանը նշել է, որ էական փոփոխությունների են ենթարկվելու ՀԽՀԿ կանոնադրությունը եւ աշխատակազմի կառուցվածքը։ Քննարկվել են նաեւ այլ հարցեր։