«Քրիստոնյա-իսլամ երկխոսությունը անհրաժեշտություն է համաշխարհայնացված աշխարհում». Արամ Ա

Օգոստոսի 10-­ին Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին  այցելել են «Կրոնների և մշակույթների հանդիպում» հանձնախմբի անդամները՝ գլխավոր քարտուղար շեյխ Հուսեյն Ահմադ Շհադեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև Կաթողիկոսարանի Միջ-եկեղեցական բաժանմունքի վարիչ Հուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսյանը և Միջ-եկեղեցական հանձնախմբի անդամ դոկտ. Ժան Սալմանյանը: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայք-էջից:

Ընդհանուր քարտուղարը նախ անդրադարձել է Վեհափառ Հայրապետի դերակատարությանը միջեկեղեցական, միջկրոնական ու ժողովուրդների միջև խաղաղ համագոյակցության բնագավառներում տարած աշխատանքներին: Շեյխ Շհադեն հայտնել է, որ լավ է ճանաչում հայ ժողովրդի պատմությունը և նրա ցավը համարում է իր ցավը: Նա խստիվ դատապարտել է 100 տարի առաջ Թուրքայիի կողմից  կազմակերպված ու իրականացված Հայոց ցեղասպանությունը: Նաև նշել է, որ Թուրքիան այսօր ևս ժխտական դերակատարություն ունի Միջին Արևելքի ապակայունացման, ինչպես նաև ահաբեկիչ տարբեր խմբակների զորակցության մեջ: Շեյխ Շհադեն նաև նշել է, որ ցանկանում է օգտագործել առիթը և կաթողիկոսարանից կոչ ուղղել բոլոր քրիստոնյաներին՝ Միջին Արևելքում կառչած մնալ իրենց արմատներին և հողերին:

Վեհափառ Հայրապետն իր հերթին, գնահատելով երկխոսության այս նախաքայլը, նշել է. «Քրիստոնյա-­իսլամ երկխոսությունը հրամայական անհրաժեշտություն է համաշխարհայնացված այս աշխարհի բոլոր մակարդակներում: Ամբողջ աշխարհն այսօր կրոնական ծայրահեղականության դժվարության դեմ հանդիման է կանգնում, և մեր բոլորի պարտավորությունն է պայքարել ծայրահեղականության դեմ»:

Նորին Սրբությունը նշել է, որ քրիստոնյա­-մուսուլման համագոյակցությունը պահպանելու համար պետք է ջանք թափեն քրիստոնյաներն ու մուսուլմանները հավասարապես և զգուշանան կրոնի քաղաքական նպատակներով շահագործելու վտանգից: Անդրադառնալով Թուրքիայի դերակատարությանը՝ Նորին Սրբությունը հայտնել է. «Հայ ժողովուրդը պատմության ընթացքում լավ ճանաչել է թուրքական նենգ քաղաքականությունը: Մեր օրերում արաբական աշխարհի զանազան պատասխանատուների զգուշացրել ենք Թուրքիայի երկդիմի ու վտանգավոր քաղաքականության մասին: Այսօր բոլորին ծանոթ են Թուրքիայի որդեգրած նոր պանթուրքիզմը և ծայրահեղականության ու ահաբեկչության իր կողմնակից լինելը»:

Scroll Up