Գերմանիայում ՀՀ դեսպանը և Բրանդենբուրգ երկրամասի վարչապետը քննարկել են հնարավոր համագործակցության հեռանկարները

Օգոստասի 10-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Պոտսդամում հանդիպեց ԳԴՀ Բրանդենբուրգ երկրամասի վարչապետ Դիթմար Վոյդկեին: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ողջունելով հյուրին՝ Դիթմար Վոյդկեն նշեց, որ իր համար կարևոր է քրիստոնեական հարուստ մշակույթ ունեցող երկրի դեպանին ընդունելը:
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ դեսպան Սմբատյանն ընդգծեց, որ Հայաստանի համար Բրանդենբուրգ երկրամասը հատկապես մեծ նշանակություն ունի, քանի որ Պոտսդամում է գտնվում գերմանացի հայտնի մարդասեր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Բրանդենբուրգ երկրամասի միջև գյուղատնտեսության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարներին, մասնավորապես ընդգծելով Պոտսդամի և Բյուրականի աստղադիտարանների միջև փոխգործակցության մեծ ներուժը: