Մուշում 40 հազարից ավելի իսլամացած հայ կա, նրանցից շատերը վերագտել են ինքնությունը

Համահայկական խաղերը բացահայտեցին Արեւմտյան Հայաստանի նոր ձեւավորված հայկական կառույցների ակտիվությունը: armradio.am-ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց գործունեության, ինչպես նաեւ հայկական ինքնության բացահայտման մասին են պատմել Տարոն-Տուրուբերան հայրենակցական միության ներկայացուցիչները:

Մուշում գործող Տարոն-Տուրուբերան հայրենակցական միության փոխատենապետ Գեւորգ Չալըշը պատմեց մեկ տարի առաջ ստեղծված հայկական առաջին հայրենակցական միության ստեղծման նպատակների ու դժվարությունների մասին: «Դժվար է Մուշում նման աշխատանքներ տանելը, քանի որ Մուշը շատ կրոնամոլ վայր է: Մենք, սակայն, այդ ռիսկին գնացինք: Մտածեցինք, որ պետք է հայերեն եւ պատմություն սովորեցնենք երիտասարդներին, քանի որ այնտեղ քրիստոնյա հայ չկա, բոլորն իսլամացած հայեր են, բայց հայ լինելն ընդունում են արդեն»:

Հայրենակցական միության ատենապետ Հայրեդին Արսլանի խոսքով՝ իրենց նախաձեռնության համար տարաբնույթ ռիսկեր միշտ կան: Նա հայերեն չի խոսում, սակայն փորձում է սովորել: Ասաց, որ այս տարածքներում արդեն 100 տարի է այդ ռիսկերը գոյություն ունեն եւ իրենք էլ նեղությունների մեջ են մեծացել: «Մենք այնտեղ ծնվել ենք ու ամեն մարդ էլ արդեն գիտի, որ մենք հայ ենք»

Գեւորգ Չալըշն ասաց, որ իսլամացած հայեր շատ կան: Ստամբուլ տեղափոխված արմատներով սասունցի Գեւորգը փոխանցեց, որ մի քուրդ իրեն տեղեկացրել է, թե Մուշում եւ հարակից տարածքներում 40 հազար հայ է ապրում: Նրանց 40 տոկոսի մայրական կողմն է հայ, իսկ 10 տոկոսի՝ հայրական: Սա միջին տվյալ է:  Նա կարծում է, որ շփվելու շատ լավ հնարավորություն էր Համահայկական խաղերին առաջին անգամ մասնակցությունը:

Արեւմտյան Հայաստանի ազգային խորհրդի ներկայացուցիչ Սիմոն Թարոնյանը նկատեց, որ նախկինում ամեն ինչ էր փակ, կապ չկար Արեւմտյան Հայաստանի եւ Խորհրդային Հայաստանի հայերի միջեւ: Բոլորը մտածել են, որ Արեւմտյան Հայաստանում որեւէ հայ չի մնացել, իսկ այնտեղ մնացածները իսլամանալով՝ ապրել են թաքցնելով իրենց ինքնությունը: «3 Փոքր համայնքների նման՝ ով ում ճանաչում էր, նրա հետ կապ ուներ: Անգամ ցեղախմբերը կան, օրինակ՝ Խորխոռունիները դարձել են Խոռնեկեն, Մամիկոնյանները՝ Մեմիկանե: Իրար ճանաչող հայերը շարունակել են գաղտնի այդ կապը պահպանել»,- ասում է։

Գեւորք Չալըշն էլ նշեց, որ հայրենակցական միության ստեղծման հիմնական նպատակն էլ այն է, որ Մուշում եւ հարակից տարածքներում ապրող հայերը միմյանց ճանաչեն:

Սիմոն Թարոնյանն ասաց, թե ամեն տեղ հայ կա՝ գաղտնի եւ բացահայտ: Հիմա համայնքները սկսել են կազմակերպվել ու դրան նպաստելու են նաեւ ձեւավորվող հայրենակցական միությունները: Նա կարծում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ, որ հայ լինելը միայն քրիստոնյա հայ լինել չէ, առաջին հերթին՝ մտածողությունն ու արյունն է հայ լինելը եւ պետք է օգնել, որ գաղտնի որպես հայ ապրողները վերադառնան իրենց ինքնությանը՝ սովորեն իրենց լեզուն ու պատմությունը:

Scroll Up