Սարգիս Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն. Պատանի ծանրորդները 5 ոսկի, 3 արծաթ և 1 բրոնզ ունեն

Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի մինչև 15 և մինչև 17 տարեկան աղջիկների ու պատանիների Եվրոպայի առաջնությունում օգոստոսի 7-ին ոսկե մեդալ է նվաճել մինչև 17 տարեկան պատանիների 94 կգ քաշային Սարգիս Կիրակոսյանը: Նա երկամարտի 305 (138+167) կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն: Այս մասին հաղորդում է www.panarmenian.net կայքը:
Արծաթե ու բրոնզե մեդալների երկամարտի 300 և 296 կգ համապատասխանաբար արժանացել են ռուս Դմիտրի Չերնիշովն ու իտալացի Մատեո Կուրկուրուտոն: Այս քաշային կարգում մեդալի լուրջ հավակնորդ էր համարվում նաև Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Գրիգոր Գրիգորյանը, սակայն նա պոկում վարժության ժամանակ վնասել է ձեռքը և դուրս մնացել հետագա պայքարից:
Մինչև այդ ոսկե մեդալ է նվաճել մինչև 15 տարեկանների +69 կգ քաշային Աիդա Մանուկյանը: Նա պոկել է 81 և հրել 89 կգ ու երկամարտի 170 կգ արդյունքով հռչակվել է Եվրոպայի չեմպիոնուհի:
Նույն օրը Սոնա Պողոսյան ըերկամարտի 206 կգ արդյունքով արծաթե մեդալի է արժանացել մինչև 17 տարեկան աղջիկների 69 կգ քաշային կարգում: Բրոնզե մեդալ է նվաճել մինչև 17 տարեկան պատանիների 85 կգ քաշային կարգում հանդես եկած Արսեն Մարտիրոսյանը:
Օգոստոսի 4-ին մինչև 15 և մինչև 17 տարեկան աղջիկների ու պատանիների մրցաշարում 62 կգ քաշային Լևոն Մանուկյանը Եվրոպայի չեմպիոնի կոչում է նվաճել: Նույն օրն արծաթե մեդալ է նվաճել 69 կգ քաշային Կարեն Մարգարյանը:
50 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել Համլետ Մնացականյանը:Օգոստոսի 3-ին Մ15 տարեկանների առաջնությունում 56 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Արմեն Գրիգորյանը և Ռաֆիկ Հարությունյանը գրավել են առաջին և երկրորդ հորիզոնականները համապատասախանաբար: Գրիգորյանը երկամարտի 211 կգ (94+117) արդյունքով նվաճել է ոսկե մեդալ, Հարությունյանը 204 (87+117) արդյունքով՝ արծաթե մեդալ:
Օգոստոսի 8-ը պատանիների Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրն է: Մեդալի համար պայքարի դուրս կգա գերծանր քաշային Արփինե Դալալյանը: