Հունահայ համայնքի ներկայացուցիչները կրթության պատասխանատուի հետ քննարկել են հայկական դպրոցների խնդիրը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/0127.jpg)
Հունահայ համայնքի ներկայացուցիչները երկրի կրթության եւ կրոնի հարցերով նախարարի տեղակալ Թասուս Գուրագիսի հետ քննարկել են հայկական դպրոցներում հայ ուսուցիչներին պետական բյուջեից աշխատավարձ տրամադրելու եւ դպրոցների առջեւ ծառացած այլ կենսական խնդիրները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում համայնքից ասացին, որ Գուրագիսը շեշտել է, որ նախարարությունը պատրաստակամ է հոգալու հայկական դպրոցների կարիքները, սակայն երկրում տնտեսական ճգնաժամի պայմաններում շատ դպրոցներում կրճատվել է ուսուցիչների թիվն, ու այժմ նախարարությունը դժվար կացության մեջ է: Փոխնախարարը շեշտել է, որ Հունաստանի եւ ԵՄի միջեւ ընթացող բանակցությունների հետեւանքով մինչև օրս հազարավոր ուսուցիչների աշխատավարձը վճարված չէ, եւ հարցն օդի մեջ է:
Կողմերը որոշել են անընդհատ կապի մեջ լինել, որպեսզի խնդրին տրվի լուծում մինչեւ նոր ուսումնական տարվա մեկնարկը: «Արմենպրես»ը դեռեւս հուլիսի 4-ին ներկայացրել էր հունահայ համայնքի մտահոգությունն առ այն, որ տնտեսական խնդիրների պատճառով հնարավոր է կրճատվեն նաեւ հայկական դպրոցներին տրամադրվելիք ֆինանսական հատկացումները: Տասնամյակներ շարունակ դպրոցներում հայերենի ուսուցիչներն իրենց աշխատավարձը ստացել են Հունաստանի կառավարությունից, ինչի շնորհիվ հունահայ դպրոցները կարողացել են գոյատեւել, իսկ հունահայ երեխաները սովորել են հայերեն: Այժմ երկրում համատարած կրճատումների հետեւանքով համայնքում մտավախություն ունեն, որ հայ ուսուցիչների տրամադրվելիք գումարն էլ կկրճատվի: