Ամերիկահայ կոնգրեսական. Ես ունեմ հատուկ պարտավորություն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/07/FEC863CE-8AFE-4E16-8074-D24FAB29F105_w640_r1_s.jpg)
Հայկական արմատներ ունեցող ամերիկացի կոնգրեսական Աննա Էշուն, որը մայրական կողմից նաեւ Բաբայան է, հայ-ամերիկյան կապերի ամրապնդման ամենաեռանդուն կողմնակիցներից մեկն է: Կոնգրեսականի խոսքով, հաշվի առնելով հայ-ասորական արմատները, ինքը կարող է հատուկ դեր խաղալ այդ հարաբերությունների ամրապնդման գործում. «Ես զգում եմ, որ հատուկ պատասխանատվություն ունեմ, այսպես ասած, սուրբ պարտավորվածություն՝ օգնելու հայ ժողովրդի հետ հարաբերությունների զարգացմանը», տեղեկացնում է Ամերիկայի ձայնը:
Միացյալ Նահանգները պետք է աջակցի Հայաստանում պետական եւ հանրային հաստատությունների զարգացմանը, համոզված է Աննա Էշուն, որի խոսքով հենց այդ հաստատություններն են այնուհետեւ ժողովրդավարության զարգացման լավագույն գործիքը դառնում, ինչն էլ իր հերթին կբարելավի տնտեսական վիճակը երկրում:
Կիսվելով ապրիլին՝ Ցեղասպանության հիշատակի օրերին Հայաստան կատարած իր այցի տպավորություններից, կոնգրեսականը նշեց, որ հաճույքով նկատել է տաղանդավոր երիտասարդների բազմություն Հայաստանում.
«Երիտասարդներն ուզում են նայել դեպի ապագան։ Այսպիսով՝ Հայաստանը պետք է ի վիճակի լինի պահպանելու այդ երիտասարդներին, պայմաններ ստեղծելով նրանց համար, որպեսզի տեղի չունենա ուղեղների արտահոսք եւ որ նրանք Հայաստանում մնալու պատճառ ունենան, վերականգնեն ու զարգացնեն երկրի տնտեսությունը»:
ԱՄՆ-ի տեխնոլոգիապես ամենազարգացած Սիլիկոնի հարթավայրը ներկայացնող կոնգրեսական Էշուի խոսքով, այս հարցում Հայաստանին լուրջ աջակցություն պետք է ցուցաբերի Միացյալ Նահանգները, օգնելով կրթել եւ իրենց երկրի ներսում նոր հնարավորություններ ստեղծել հայ երիտասարդների համար:
«Նրանք նայում են դեպի Արեւմուտք եւ ցանկանում են Արեւմտյան ժողովրդավարություն կառուցել, ժողովրդավարություն, որը թույլ կտա երկիրը ոտքի կանգնեցնել», – ավելացրեց կոնգրեսականը:
Աննա Էշուն ավելացրեց, որ ապագայում անպայման նպաստելու է Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացմանը եւ հիշեցրեց, որ հայ ժողովուրդն Ամերիկայի Կոնգրեսում ունի բազմաթիվ բարեկամներ: