Աթենքում կհարգեն 32 տարի առաջ Լիսաբոնում նահատակված 5 հայորդիների հիշատակը

Աթենքի Նեոս Կոզմոս թաղամասի Սուրբ Կարապետ եկեղեցում հուլիսի 26-ին կկայանա հոգեհանգստյան պատարագ՝ նվիրված 32 տարի առաջ Լիսաբոնում նահատակված 5 հայ տղաների հիշատակին:
Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին հունահայ համայնքից, հոգեհանգստյան պատարագը կմատուցի Նարեկ քահանա Շահինյանը: 1983 թ. հուլիսի 27- ին Լիսաբոնում 5 հայ երիտասարդներ գրավում են թուրքական դեսպանատունը: «Մենք որոշել ենք պայթեցնել այս շենքը և մնալ նրա փլատակների տակ։ Սա ո՛չ ինքնասպանություն է, ո՚չ էլ խելագարության դրսևորում, այլ, ընդհակառակը, մեր զոհաբերումն է ազատության բագինին», հայտարարել էին նրանք: Սա քայլ էր աշխարհի ուշադրությունը Հայ Դատին սեւեռելու, ստիպելու հիշել ու ճանաչել հայ ժողովրդի հետ 20-րդ դարասկզբին կատարված ու մոռացության մատնված Ցեղասպանությունը: Գործողության մասնակից 5 հայ պատանիներն էին Սիմոն Յահնիյանը, Արա Քրջլյանը, Սեդրակ Աճեմյանը, Վաչե Տաղլյանը, Սարգիս Աբրահամյանը: Առաջինը թուրք զինվորի կրակոցից նահատակվեց Սիմոն Յահնիյանը, սակայն մյուս 4 տղաներին հաջողվեց մտնել դեսպանատուն եւ գործն ավարտին հասցնել՝ պայթեցնելով այն: