Հաստատվել է Թուրքիայում պայթյուն իրականացրած մահապարտ ահաբեկչի ինքնությունը

Հաստատվել է Թուրքիայի Ուրֆա նահանգի Սուրուչ գավառումպայթյունն իրականցրած մահապարտ ահաբեկչի ինքնությունը: Ըստ թուրքական «sondakika.com» կայքի` ԴՆԹ փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ մահապարտը Թուրքիայի Ադըյաման նահանգում գրանցված 20-ամյա ուսանող Շեյհ Աբդուրահման Ալագյոզն է, գրում է ermenihaber.am-ը:
Հաղորդվում է նաև ահաբեկչությանը մասնակցած հնարավոր 2-րդ անձնավորության մասին, որի ինքնությունը դեռ չի պարզվել: Պայթյունի հետևանքով մաս-մաս եղած դիակի կտորտանքներից հնարավոր է եղել պարզել միայն, որ 2-րդ հնարավոր ահաբեկիչը կին է: Վերջինիս ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:
Ինքնությունը պարզված մահապարտի մայրն ասել է, որ իր տղաները 6 ամիս առաջ մեկնել էին Այթապ քաղաք` աշխատելու, սակայն իրենք տեղյակ չեն եղել, թե որդիներն այնտեղ ինչ աշխատանք են կատարել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Ուրֆա նահանգի Սուրուչ շրջանի «Ամարա» մշակության կենտրոնի դիմաց մահապարտը իրեն պայթեցրել էր: Կենտրոնում տեղակայվել էր «Սոցիալիստ երիտասարդական միությունների ֆեդերացիայի» 300 հոգանոց խումբը: Խումբը պատրաստվում էր ուղևորվել Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի` աջակցելու քաղաքի վերականգնմանը: Պայթյունի հետևանքով զոհվել է 32 մարդ: