Արցախցի մարզիկները մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում

Հուլիսի 17-22-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայացած Կունգ ֆուի աշխարհի առաջնությանը մասնակցած արցախցի մարզիկները բրոնզե մեդալներ են նվաճել:

Ինչպես Պեկինից «Արցախպրես»-ին հաղորդել է միջազգային կարգի սպորտի վարպետ, ԼՂՀ ուշու-ի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանը Կունգ ֆուի աշխարհի առաջնությանը, որին մասնակցել են մարզիկներ՝ ավելի քան 80 երկրից, արցախցի մարզիկներ՝ Վարդգես Մանասյանը (18-ից բարձր տարիքային խմբի մինչև 52 կգ քաշային կարգում), Հայկ Խաչյանը (17-18 տարիքային խմբում, մինչև 56 կգ քաշային կարգում) և Հայկ Գասպարյանը (15-16 տարիքային խմբում` մինչև 56 կգ քաշային կարգում) երրորդ պատվավոր հորիզոնականն են զբաղեցրել՝ արժանանալով բրոնզե մեդալների:

Նշենք նաև, որ արցախցի վերոհիշյալ մարզիկներն այս տարի դարձել են ՀՀ Կունգ ֆու սանդայի առաջնության հաղթողներ, ինչն էլ առիթ էր հանդիսացել, որպեսզի նրանք հրավիրվեն՝ մասնակցելու Կունգ ֆուի աշխարհի պեկինյան առաջնությանը:

Scroll Up