Ընտանեկան սիրավեպ՝ սիրիական հակամարտության համապատկերում

Անգլիացի հայտնի կինովավերագորղ Շոն Մքալիսթերի «Սիրիական սիրավեպ» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի Միջազգային վավերագրական մրցույթում: Ի դեպ, 800 հայտերից այս մրցույթին մասնակցելու համար ընտրվել է 13 ֆիլմ:
Պատմություն սիրո և ընտանիքի մասին՝ սիրիական հակամարտության համապատկերում: Անգլիացի կինովավերագրող Շոն Մքալիսթերի ֆիլմը կոչվում է «Սիրիական սիրավեպ»: Հինգ տարի նկարահանված այս ֆիլմն ուրվագծում է քաղաքական ազատության անկարագրելի ոդիսականն Արևմուտքում: Ռաղդայի և Ամերի համար սա հուսո, երազանքի և վհատության ուղևորություն է՝ հանուն հեղափոխության, հայրենիքի և հանուն իրենց:
«Փորձել եմ հնարավորինս զերծ մնալ քաղաքականությունից ու կենտրոնանալ ընտանեկան զույգի սիրո պատմության վրա, որն ավելի համամարդկային է, քան՝ քաղաքականությունը»,-armradio-ի փոխանցմամբ՝ ասում է ռեժիսորը, ում տարերքը վարերագրական կինոյում թեժ կետերն են ու հակամարտությունները: Հնարավոր է, երբևէ անդրադառնաք նաև արցախյան հակամարտությանը, լրագրողի հարցին բրիտանացի ռեժիսորի պատասխանն է:
16 տարեկանում թողնելով դպրոցը Շոն Մքալիսթերը աշխատել է Հյուսիսային Անգլիայի տարբեր գործարաններում, մինչև ձեռքն է առել տեսախցիկը և ուղի հարթել դեպի Ազգային կինոդպրոց, որն ավարտել է 1996 թվականին: Նրա «Աշխատելով թշնամու համար» առաջին ֆիլմը և դրան հաջորդած «Հոգածուները» ներկայացվել են հեռուստատեսության արքայական միության մրցանակին: Շոն Մքալիսթերի ֆիլմերն իրենց հատուկ անկեղծությամբ ներկայացնում են մարդկանց աշխարհի տարբեր ծայրերից, որոնք պայքարում են գոյատևման համար ու հաղթահարում դժվարությունները: Քաղաքական ու անձնական հակամարտությունների մեջ ներքաշվելով, նրանք, այնուամենայնիվ, փորձում են իմաստավորել այն աշխարհը, որտեղ ապրում են: Լրագրողների հետ զրույցում ռեժիսորը խոստովանեց, որ վավերագրական կինոյի ճանապարհը բարդ է, ինչպես բազմաթիվ երկրներում, այնպես էլ Անգլիայում:
Հիշեցնենք, որ անգլիացի ռեժիսոր Շոն Մքալիսթերի «Սիրիական սիարվեպ» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի Միջազգային վավերագրական մրցույթին մասնակցող ֆիլմերի ցանկում: Ի դեպ 800 հայտերից մրցույթին մասնակցելու համար ընտրվել են 13 ֆիլմեր: